ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ՝ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող դիտորդների՝ Հայաստանում նախագահի ընտրությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը չի անդրադարձել ՀՀ նախագաի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի կողմից առաջադրած պահանջներին ու չի տվել դրանց գնահատականը: Այս մասին այսօր հայտարարել է 22 օր առաջ հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
Հայտարարությունն անելու համար Ղուկասյանը լրագրողներին հրավիրել էր ՀՀ գիտությունների ակադեմիայի շենքի տարածք, որտեղ էլ անցկացնում է հացադուլը:
«Սահմանադրությունը խախտող քաղաքական ուժը, որի վարքագիծը հայտնի է հանրությանը, իրավունք չունի մասնակցել ընտրություններին: Այս տարիների ընթացքում այդ ուժը բազմաթիվ անգամներ բաժանել է ընտրակաշառքներ ու հարկադրանք է կիրառել պետական ծառայողների և ՏԻ մարմինների աշխատակիցների վրա: Ուստի իմ տրված դիմումը, որը ներկայացվել է ԿԸՀ, հենված էր ԵԱՀԿ պետությունների՝ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ գոյություն ունեցող փաստաթղթի 6.4 կետի վրա, որը հենց մատնանշում էր, որ սահմանադրությունը խախտող կուսակցությունները կամ թեկնածուները չեն կարող մասնակցել ընտրություններին: Ես զեկույցում չտեսա այդ փաստի գնահատականը», – ասել է Ղուկասյանը:
Ըստ թեկնածուի՝ դա նշանակում է, որ դիտորդական առաքելությունը շրջանցում է այս կարևոր փաստը, որը էական նշանակություն ունի ի սկզբանե ընտրությունների գնահատման վրա և փաստորեն անորոշություն ու մոլորություն կարող է ստեղծել միջազգային հանրության մոտ, ովքեր զեկույցից փորձում են պատկերացում ստանալ հայաստանյան ընտրությունների մասին:
«Ես գտնում եմ, որ այս երկրորդ՝ միջանկյալ զեկույցը այդ մոլորությունը անպայման ստեղծելու է, և անձամբ ես համարում եմ, որ առաքելության գործունեությունը Հասատանում ժողովրդավարության հետ որևէ կապ չունի և հետապնդում է քաղաքական նպատակներ», – նշել է նախագահի թեկնածուն: