Շենգավիթ վարչական շրջանի դատարանն արդարացրել է «Հելսինկյան ասոցիացիա»-ի անդամ, իրավապաշտպան Արման Վեզիրյանին, իսկ գործով մյուս մեղադրյալ Տիգրան Մանուկյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ (ծեծ) հոդվածով և տուգանել նրան 30000 դրամի չափով:
Դատարանը հիմք է ընդունել դատախազ Ալեքսանդր Աբրահամյանի միջնորդությունը, ըստ որի՝ Արման Վեզիրյանը Տիգրան Մանուկյանին հարվածել է ընդամենը մեկ անգամ, ինչը ծեծ համարելը ճիշտ չէ:
Դատարանում Վեզիրյանի կողմը ներկայացնող փաստաբան Անի Թորոսյանը հայտարարել է, որ արդարացման հիմքը պետք է լինի ոչ թե այն, որ մեկ հարվածը ծեծ չէ, այլ այն, որ Վեզիրյանը ոչ մի հարված չի հասցրել Մանուկյանին:
Հիշեցնենք, որ գործը վերաբերում է ապրիլի 30-ին, ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցած միջադեպին:
Թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ-ի թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ակտիվիստները Սեդրակ Սարգսյանի փողոցում քարոզչանյութեր են բաժանելիս եղել և բուկլետներից մեկը դրել են տներից մեկի մուտքի մոտ: Տանից դուրս է եկել Տիգրան Մանուկյանը և սկսել է բղավել` «էսի հըլը վեկալեք ու ռադ ըլեք ստեղից»: Բուկլետ դնող երիտասարդը ներողություն է խնդրել, իսկ միջադեպի վայրում ներկա Արման Վեզիրյանը, ով որպես դիտորդ հետևում էր քարոզարշավի ընթացքին, մոտեցել է բուկլետը վերցնելու համար: Վեզիրյանի և բուկլետները բաժանող ակտիվիստների խոսքով՝ այդ պահին տղամարդը հարվածել է դիտորդի դեմքին, որի հետևանքով նրա աչքի տակ այտուցվել է: Երկու ամբաստանյալների դեմ էլ գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ):
Նշենք, որ Մանուկյանը բողոքել էր միայն այն բանից հետո, երբ իրավապաշտպանի դիմումի հիման վրա իր դեմ ևս գործ է հարուցվել՝ նշելով, թե Վեզիրյանը նույնպես իրեն հարվածել է, սակայն ինքը տուժող չի հանդիսանում: