Պարույր Հայրիկյանի՝ Սահմանադրական դատարան դիմելու և դիմումը հետ վերցնելու որոշումը վերջին օրերին լարվածության մեջ պահեց հանրությանը, որովհետև ինչ-որ ազդեցություններ կարող էր ունենալ քաղաքական պրոցեսների վրա: Այս մասին այսօր ասել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրաս Ղուկասյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպել է հացադուլի վայրում` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց:
«Համարենք, որ այդ ազդեցությունները արդեն հասել են իրենց ավարտին, և ընտրություննրի օրը չի տեղափոխվի», – ասել է Ղուկասյանը:
Թեկնածուն նշել է, որ Հայրիկյանի տատանվելը հասկանալի է, քանի որ «նրա և ֆիզիկական, և հոգեբանական, և քաղաքական դրությունը բավական բարդ է հանցագործությունից հետո»:
Ղուկասյանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ իր դիրքորոշումը չի փոխվել ու ինքը գտնում է, որ երկրում ընտրությունները շինծու են:
«Այդ մասով՝ լինի միասնական, թե ոչ միասնական թեկնածու, լինի շինծու ընտրություններին մասնակցող, դա էապես Հայաստանում քաղաքական իրադրության վրա ազդել չի կարող: Բոլոր հարցերին պատասխանեց Սերժ Սարգսյանը Գյումրիում, երբ որ ասաց՝ «ինչքան կուզենանք, այդքան էլ կխփենք», և ես կոչ եմ անում, որպեսզի Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Պարույր Հայրիկյանը լրջագույն պատասխանատվությամբ ընդունեն Սերժ Սարգսյանի հայտարարությունը. Սերժ Սարգսյանը ասել է բացարձակ ճշմարտությունը, և այդ ճշմարտությունը գիտի ամբողջ հանրությունը»,- ասել է Անդրիաս Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ, պատասխանելով «Գալա» հեռուստաընկերության լրագրողի այն հարցին, թե որքան ձայն է ակնկալում հավաքել Շիրակի մարզում, Սերժ Սարգսյանն ասել էր. «Շանսը ո՞րն է՝ հարյուրից իննսո՞ւն խփեմ, ութսո՞ւն, յոթանասո՞ւն, վաթսո՞ւն, ինչքան ուզես, էնքան խփենք»: