ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը երեկ երեկոյան պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի ուղեկցությամբ երկրորդ անգամ այցելեց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին` նրա արյան և մեզի լաբորատոր քննությունների պատասխանները ստանալուց հետո։
Առողջապահության նախարարն ու նրա առաջին տեղակալն Անդրիաս Ղուկասյանին անձամբ են տեղեկացրել, որ երկարատև հացադուլը մարդու առողջությունը վնասող այնպիսի անդառնալի պրոցեսներ կարող է առաջացնել և զարգացնել, որոնց հետագա բուժումը կարող է չափազանց դժվար կամ նույնիսկ անհնարին լինել, հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Նախարարությունը ՀՀ նախագահի թեկնածուին առաջարկել էր կարճ ժամանակաընթացքում հիվանդանոցային պայմաններում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել, ինչը հնարավորություն կտար մասնագիտական վերջնական գնահատական տալ նրա առողջական վիճակի վերաբերյալ։ Երեկ երեկոյան նախարարի առաջին տեղակալը, մտահոգված լինելով Անդրիաս Ղուկասյանի նույն օրն առավոտյան վերցված արյան և մեզի լաբորատոր հետազոտությամբ արձանագրված որոշակի շեղումներով, կրկին անգամ հորդորել է համաձայնել իր ընտրությամբ որևէ բուժհաստատությունում կարճ ժամանակաընթացքում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել։
ՀՀ նախագահի թեկնածուն խոստացել է այսօր մինչև ժամը 11-ը հայտնել իր որոշման մասին։