Տեսակետ կա, որ ՀՀ նախագահի թեկնածու, հունվարի 21-ից հացադուլ անող Անդրիաս Ղուկասյանը (լուսանկարում) ՄԻԱԿ-ի ձախողված «պրոյեկտն» է, գրում է «Հրապարակ» թերթը, որն այդ հարցով դիմել է ՄԻԱԿ նախկին առաջնորդ, Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական, ԱԺ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանին, ով Comedy Club-ի Գարիկ Մարտիրոսյանի եղբայրն է:
«Ո´չ, համաձայն չեմ: Որ նա հացադուլ է անում, իր ընտրությունն ու անձնական պայքարի ձևն է, ինքս առանձնապես լավ չեմ վերաբերվում հացադուլների միջոցով քաղաքական հարցերի լուծման այդ ձևին, թեև վերջերս «հացադուլի էի գնացել» արտասահման, առավել ստույգ՝ սովաբուժության էի մեկնել Ավստրիա և Ավստրիային որևէ քաղաքական պահանջ չներկայացրի: Սա՝ կատակով, այնուհանդերձ, դժվար էր, բայց օգտակար: Այնպես որ, ես մոտավորապես հասկանում եմ Անդրիասի վիճակը մարդկայնորեն, սակայն քաղաքական առումով դժվար է նրան հասկանալը», – պատասխանել է Մարտիրոսյանը: