ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը կդադարեցնի հացադուլը փետրվարի 20-ի առավոտյան, որին կհաջորդի մամուլի ասուլիս, և նախագահի թեկնածուն կխոսի առաջիկայում իր անելիքների մասին: Այս մասին Ղուկասյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:
Թեկնածուն ասել է, որ փետրվարի 16-ին ուղերձով կդիմի քաղաքացիներին, իսկ մինչ այդ ուսումնասիրելու է՝ ինչպես է փոփոխվում իրադրությունը:
Ղուկասյանը դրական է համարել Երևանի Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում բաց ժողով գումարելու նախաձեռնությունը և հավանական համարել, որ ինքը ևս ելույթ կունենա այդ ժողովին:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի որոշմամբ՝ Անդրիաս Ղուկասյանի հացադուլի վայրում շուրջօրյա բժշկական հսկողություն կիրականացվի շտապօգնության ռենիմատոլոգների ուժերով` վերակենդանացման համար նախատեսված հագեցվածությամբ հատուկ մեքենաներով, ինչը թույլ կտա անհրաժեշտության դեպքում` ցանկացած պահի, տեղում մասնագիտական օգնություն ցուցաբերել։