ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը փետրվարի 18-ին ընտրություններին չի մասնակցելու: Այս մասին նա ասել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Միևնույն ժամանակ, թեկնածուն նշել է, որ ընտրողներին քվեարկությանը չմասնակցելու կոչ չի անում:
Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են, որ իրենց ընտրաթերթիկն անվավեր ճանաչվի, Մելիքյանն առաջարկել է իր անվան դիմաց նշում կատարել: Նա բացատրել է, որ դա կնշանակի, որ այդ մարդիկ համաձայն են իր այն հռչակման հետ, որ ընտրությունները կեղծ են: Լրագրողների հարցին, թե իր անվան դիմաց նշումների դեպքում ինքը կարող է ընտրվել նախագահ, Մելիքյանը պատասխանել է. «Այդ մարդիկ չեն քվեարկելու իմ օգտին, որ ես դառնամ ՀՀ նախագահ, այլ իրենց ընտրությամբ կմերժեն այս ընտրությունները»: