Երեկ Ներքին Դվին գյուղում ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական պաստառները պոկած անձինք հրավիրվել են բաժին և տվել բացատրություն: Այս մասին ասված է Ոստիկանության տարածած հայտարարության մեջ:
Երեկ Հրանտ Բագրատյանի Արտաշատի նախընտրական շտաբի պետ Հենրիկ Ավագյանը ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր տվել, որ Ներքին Դվին գյուղում Բագրատյանի նախընտրական պաստառները փակցնելու ժամանակ նկատել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները պոկում են պաստառները՝ պատճառաբանելով, որ դրանք ոչ սահմանված վայրում են փակցվել:
Ոստիկանությունը պարզել է, որ ավտոմեքենան ամրակցված է Ներքին Դվին գյուղի գյուղապետարանին, իսկ երկու ուղևորները գյուղապետարանի աշխատակիցներ են, որոնք նույն օրը ներկայացել են բաժին և տվել բացատրություն:
Ոստիկանության Արտաշատի բաժնում կատարվում է հետաքննություն: