ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը վատացել է, նրան այս պահին տեղափոխում են հիվանդանոց: Այս մասին Epress.am-ի զրույցում ասել է ԱԻՄ առաջնորդի օգնական և ընկեր Վրեժ Զատիկյանը:
Նրա խոսքով՝ վերջին մի քանի օրերին Հայրիկյանի վիճակն անկայուն է եղել, բայց ավելի սրվել է երեկվանից:
«Երեկ առաջին անգամ անզգայացուցիչների բարձր չափաբաժինը ներարկելուց հետո ահռելի ցավերը չդադարեցին, այնինչ մինչ այդ ներարկումները օգնում էին նրան դուրս գալ այդ տառապյալ վիճակից», -ասել է Զատիկյանը:
Զատիկյանը նաև ասել է, որ ցավերը ոչ միայն վերքի շրջանում են, այլև ամբողջ թևի, ինչի հետևանքով չեն շարժվում ձեռքի մատները:
«Ցավերը ավելի շատ նյարդային ֆոնի վրա են: Բժիշկները իրեն ընդհանրապես արգելել էին դուրս գալ ու հիմա նորից վերադառնում ենք հիվանդանոց», – ասել է մեր զրուցակիցը: Նշենք, որ Պարույր Հայրիկյանն այսօր ժամը 11:00-ին հանդես է եկել մամուլի ասուլիսով:
Թեկնածուի օգնականը նշել է, որ Հայրիկյանը բուժումը շարունակելու է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուին այնտեղ էին տեղափոխել հունվարի 31-ին նրա վրա կատարված մահափորձից հետո: Հայրիկյանը հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի աջ կողմում: