Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անցկացում Սարի թաղի 18-րդ փողոցի 33, 35, 37, 39, 41 տների բնակիչները, որոնց դեռևս 2006 թվականին պետական մարմինները խոստացել էին ապահովել բնակարաններով, քանի որ նրանց տները վթարային են եղել: Այսօր բնակիչները նշում էին, որ խոստումը չի կատարվել, նրանք մինչ օրս վարձով են ապրում և տուն չունեն:
Համաձայն կառավարության որոշման, մարդկանց պետք է բնակարաններով ապահովեին 2009-ից մինչև 2011 թվականները: Խնդրի լուծումը հանձնարարվել էր Երևանի քաղաքապետարանին:
Այսօր բնակիչներն ահազանգում էին, որ Սիսակյան 22 հասցեում (Լենինգրադյան փողոցի հարևանությամբ) իրենց համար նախատեսված շենքն արդեն կառուցվել է, բայց իրենց բնակարան չեն հատկացնում:
Բողոքողները սկսել են պահանջել, որպեսզի վարչապետն իրենց հետ հանդիպի, ապա սկսել են վանկարկել՝ վարչապետ, վարչապետ: Բողոքողների հետ զրուցելու է դուրս եկել ՀՀ կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Լսելով բողոքը՝ նա առաջակել է գրավոր դիմում ներկայացնել կառավարությանը, որից հետո դիմումին ընթացք կտրվի: