Ռուսաստանյան ՎՏԲ բանկը «Արմավիա» և «Միկա Լիմիթեդ» (գրանցված է Ջերսի կղզում) ընկերություններին դատական հայցեր է ներկայացրել՝ պահանջելով 22 միլիոն դոլար, հաղորդում է ռուսաստանյան «Իզվեստիա» թերթը: Երկու ընկերություններն էլ պատկանում են հայաստանցի գործարար Միխայիլ Բաղդասարովին:
Թերթը նշում է, որ բանկը փորձում է վերադարձնել այն գումարները, որոնք տրամադրել է «Արմավիային» վարկերի վերաֆինանսավորման համար: «Արմավիան» վարկերը վերցրել է «Սուխոյ Սուպերջեթ» ինքնաթիռները գնելու նպատակով: Ըստ փաստաբանների՝ ՎՏԲ-ն բավական լավ հնարավորություններ ունի շահելու դատը Հայաստանում, մինչդեռ Ջերսիում բանկը, անկասկած, անհաջողության կմատնվի:
Հայցերի առկայության փաստը «Իզվեստիայի» հետ զրույցում հաստատել է Միխայիլ Բաղդասարովը: «Արմավիա»-ին 10 միլիոն դոլարի հայց է ներկայացվել, և գործն այժմ գտնվում է ՀՀ պետական արբիտրաժում, իսկ «Միկա Լիմիթեդից» պահանջում են 12 միլիոն դոլար: Այդ հայցը քննվելու է Ջերսի կղզու թագավորական դատարանում:
Թերթի աղբյուրի համաձայն՝ 2010-2011 թվականներին ՎՏԲ-ի հայաստանյան ներկայացչությունը «Արմավիային» ավելի քան 7 միլիոն դոլարի վարկ է տրամադրել նախկինում «Արդշինինվեստբանկի» կողմից տրամադրված վարկի վերաֆինանսավորման համար:
Բացի դա, 2010 թվականին ՎՏԲ-ն 8 միլիոն դոլար է տրամադրել «Միկա Լիմիթեդին»: Այդ վարկի երաշխավորն է եղել «Արմավիան»: Վարկերը պետք է վերադարձվեին 2012 թվականին, սակայն երկու ընկերություններն էլ գումարները չեն վերադարձել: Անցյալ տարվա վերջին պարտքերը պահանջելու իրավունքը հայաստանյան ՎՏԲ-ից անցել է մայր բանկին:
Աղբյուրը նշել է, որ 2013 թվականին հունվարի 18-ի դրությամբ «Միկա Լիմիթեդի» պարտքը բանկին հասել է 12 միլիոն դոլարի՝ տոկոսներն ու տուգանքները ներառյալ, իսկ «Արմավիայինը»՝ 10 միլիոն:
ՎՏԲ-ն փորձել է բանակցությունների միջոցով հարթել խնդիրը, սակայն արդյունքի չի հասել:
Բաղդասարովը թերթի հետ զրույցում ասել է, որ «մոտ ժամանակներս վարկերը կփակվեն, իսկ հայցերը հետ կվերցվեն»: Այլ մանրամասներ նա չի հայտնել:
Բանկի մամուլի ծառայության ներկայացուցիչ Վադիմ Սուխովերովը նշել է, որ ընկերությունը պատրաստվում է վերադարձնել իր գումարները բոլոր հնարավոր մեթոդներով:
«Նեկտորով, Սավելյև և գործընկերներ» իրավաբանական ընկերության համասեփականատեր Սերգեյ Սավելյևը համարում է, որ ՎՏԲ-ն ունի բոլոր հնարավորությունները Հայաստանում գործը շահելու համար:
«Այլ հարց է, որքան իրական է գումարների վերադարձը: Բանկը կարող է հավակնել «Արմավիայի» ակտիվներին, եթե գումարները հետ չվերադարձնեն: Սակայն իրական խնդիրներ կծագեն, եթե ավիաընկերությունն իրեն սնանկ հայտարարի: Այդ ժամանակ բանկը կմտնի «Արմավիայի» պարտատերերի ցանկի մեջ և չի կարող հավակնել իր գումարների 100 տոկոսին և հնարավարություն կունենա ստանալ միայն 20 տոկոսը: Իսկ ահա Ջերսիի հայցը տապալվելու է: Այն անհեռանկարային է իր բնույթով. հարկավոր է մեծ գումարներ ծախսել իրավաբանների ճանապարհի և կացության վրա, իսկ հայցի քննությունը կարող է ամիսներ տևել՝ հաշվի առնելով, որ պատասխանողը կարող է չներկայանալ դատական նիստերին», – ասել է Սավելյևը:
Avia.ru կայքի խմբագիր Ռոման Գուսարովը թերթի հետ զրույցում ասել է, որ «Արմավիայի» ավիատորմը ոչինչ չարժե, որոհետև բոլոր ինքնաթիռները լիզինգով են վերցված: Ավելի լուրջ ակտիվներ են տեխնիկական բազան և պատրաստված անձնակազմը: Գուսարովը նշել է, որ ավիաընկերության հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել ռուսաստանյան ներդրողները, ովքեր այն գնահատել են 55 միլիոն դոլար:
Թերթը նշում է, որ «Արմավիան» կարող է հայտնվել նաև պետության ձեռքում՝ նշելով, որ փետրվարի 6-ին ՀՀ քաղավիացիայի վարչության ղեկավար Արտյոմ Մովսիսյանը Ազգային ժողովում ասել է, որ ՀՀ կառավարությունն անհանգստացած է «Արմավիայի» շուրջ ստեղծված իրավիճակով և չի բացառել, որ ավիաընկերությունը կարող է փոխանցվել երրորդ անձանց, այդ թվում՝ պետությանը: