Փետրվարի 18-ից հետո կյանքը շարունակվելու է, ժողովրդին հուզող խնդիրները մնալու են օրակարգում: Այս մասին ասված է «Դաշնակցության» տարածած հայտարարության մեջ: «Դաշնակցությունը» վստահ է, որ հայ հասարակությունն իր մեջ արմատական փոփոխություններ կատարելու ուժ է գտնելու և վաղ, թե ուշ հնարավոր է դարձնելու ազատ, արդար, մրցակցային ընտրությունների անցկացումը:
«Մենք ձեզ հորդորում ենք փետրվարի 18-ին անպայման գնալ ընտրության, թույլ չտալ, որ վերջնականապես վարկաբեկվի այդ ինստիտուտը և ձեր ձայնն օգտագործվի իշխանության վերարտադրման համար: Ի վերջո, ժողովրդավարական Հայաստանը ժողովրդավարական ընտրություններով է կայանալու: Իբրև ընդդիմադիր քաղաքական ուժ` մենք կոչ ենք անում՝ գնալ ընտրության, ձայն չտալ իշխանության թեկնածուին, քվեարկել ձեր խղճով ու ցանկությամբ կամ քվեաթերթիկը անվավեր դարձնել:
ՀՅ Դաշնակցությունը շարունակելու է պայքարը` նպատակ ունենալով իր հռչակած քաղաքական օրակարգով արմատապես շրջել անվստահության, հուսալքության մթնոլորտը, երկիրը դուրս բերել բնականոն զարգացման հուն, ապահովել մեր քաղաքացիների բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքը», – ասված է հայտարարության մեջ: