Որովայնի շրջանում մաշկի տակ 29 ասեղ մտցրած դատապարտյալ Համլետ Ղազարյանի վիճակն այժմ բավարար է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
Նրա խոսքով՝ երբ դատապարտյալը թույլ տա իր մարմնից հեռացնել ասեղները, բժիշկները դա կանեն:
«Բողոքելն իր գործն է, իր իրավունքն է, ինքը ներկայացրել է իր բողոքը, իրեն լսել են՝ պատկան մարմինները կզբաղվեն»,- ասել է Գոռ Ղլեչյանը:
Հիշեցնենք, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը հրաժարվում է հանել ասեղները, քանի դեռ իրեն չեն այցելել լրագրողները, ՀԿ-ների ներկայացուցիչներ և չեն լսել իր բողոքը: Ասեղների մի մասը հեռացվել է, սակայն մյուս մասը Ղազարյաննը արգելում է հանել իր մարմնից:
Ղազարյանը հայտարարել էր, որ նման ծայրահեղ քայլի դիմել է «Հրազդան» ՔԿՀ-ի պետի՝ Տիգրան Նավասարդյանի պատճառով:
«Ինձ անընդհատ ծեծում էր, դժոխք էր ստեղծել իմ համար: էն բանի համար, որ ես ու կինս բողոքներ էինք ներկայացրել նախագահին: Ինքը ստիպում էր, որ հետ վերցնեմ նախագահին գրած դիմումներս, արդարադատության նախարարին գրած բողոքները», – ավելի վաղ «Հրապարակ» թերթին պատմել էր Ղազարյանը: