ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սամվել Շարբաթյանի սպանության գործով նոր զարգացումներ են տեղի ունենում: Նախնական տեղեկություններով՝ սպանությունն առնչություն չունի նրա մասնագիտական գործունեության հետ, իսկ կատարողները հովանավորների պակաս կարծես թե չունեն և արդեն իսկ փորձեր են կատարվում նեղացնել սպանության մասնակիցների շրջանակը, գրում է «Փաստինֆո»-ն:
Փաստաբանը սպանվել է 2012թ. նոյեմբերի 18-ին Լոռու «Մուշ» ռեստորանային համալիրում: Շարբաթյանը ռեստորան էր գնացել հանդիպելու իր քրոջ աղջկան հետապնդող երիտասարդին` Արտակ Վերանյանին` պահանջելու չհետապնդել իր քրոջ դստերը: Հանդիպմանը ներկա է եղել նաև փաստաբանի քրոջ որդի Հայկ Ասլիկյանը:
Արտակ Վերանյանը հանդիպմանը գնացել է եղբոր` Արեն Վերանյանի, և ընկերոջ` Սամվել Դիլոյանի հետ: Խոսակցությունը չի ստացվել, արդեն ռեստորանի բակում վերածվել է ծեծկռտուքի: Արդյունքում` Շարբաթյանը դեմքին և քթի շրջանում մեկ հարված է ստացել, ինչն էլ, փորձաքննության համաձայն, հանգեցրել է գլխուղեղի գործառույթների խանգարման:
2013 թ. փետրվարի 6-ին ոստիկանությունը հայտնաբերեց Վանաձոր քաղաքի բնակիչներ` 32-ամյա Սամվել Դիլոյանին և 31-ամյա Արեն Վերանյանին: Նրանց մեղադրանք է առաջադրվել փաստաբանին սպանելու համար, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Սակայն, նախաքննությանը զուգահեռ, ըստ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների, կան մարդիկ ովքեր խիստ «մտահոգ են» մասնավորապես Դիլոյանի ճակատագրով այն աստիճան, որ նույնիսկ ճնշումներ են սկսել գործադրվել վկաների նկատմամբ` պարտադրելով փոխել նախնական ցուցմունքները: Ճնշման թիրախում, մասնավորապես, հայտնվել է նախևառաջ ականատեսը` Հայկ Ասլիկյանը: Կայքի աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այդ ճնշումների հետևանքն է օրերս կայքերից մեկին Հ.Ասլիկյանի հեռախոսով տված հարցազրույցը, որով նա փորձել է սրբագրել նախաքննական մարմնին տված ցուցմունքները, որոնք էական նշանակություն են ունեցել Դիլոյանին և մյուսներին մեղադրանք առաջադրելու համար։ Վանաձորում շրջանառվող տեղեկությունների համաձայն` հենց Դիլոյանն է եղել այն մեկ հարվածի հեղինակը, որը մահ է պատճառել փաստաբանին, և հիմա տարբեր զարտուղի ճանապարհներով փորձ է արվում նրան, ով շարունակում է շատ ջերմ հարաբերությունների մեջ մնալ Վանաձորի քաղաքային իշխանության ղեկավարության հետ, մեջտեղից հանել` ամբողջ պատասխանատվությունը գցելով բացառապես Վերանյանների վրա:
«Թե ինչու պատկան մարմինները, օրենքով նախատեսված կարգով, պաշտպանական միջոցներ չեն ձեռնարկում ականատես վկայի նկատմամբ, այլ հարց է, սակայն վկայի վրա ներազդելու փորձերի մասին տեղյակ են նաև իրավապահները: Համենայն դեպս, Լոռու դատախազը փետրվարի 13-ին գրավոր ցուցում է տվել ոստիկանության Գուգարքի բաժնի պետին և Լոռու քննչական բաժնի պետին` միջոցներ ձեռնարկել ականատես վկայի նկատմամբ գործադրվող ճնշումների մասին տեղեկությունները ճշտելու և գործով օբյեկտիվ իրականության բացահայտումն ապահովելու համար։ Թերևս մնում է հավելել, որ եթե վկայի նկատմամբ ճնշումներ արդեն իսկ գործադրվել են, ու նա դրանց արդյունքում նույնիսկ հարցազրույց է տվել լրատվական կայքերից մեկին, ապա համապատասխան միջոցների ձեռնարկումը կարող է նույնիսկ ուշացած լինել: Առավել ևս, երբ Դիլոյանը մեկ անգամ արդեն կարողացել է ջրից չոր դուրս գալ։ Իսկ թե ովքեր են կանգնած Դիլոյանի թիկունքում, որոնց շնորհիվ նա փորձում է անպատիժ մնալ, առաջիկայում կներկայացնենք մեր սեփական ուսումնասիրության արդյունքները», – գրում է «Փաստինֆո»-ն։