ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանն այսօր հանդիպել է քաղբանտարկյալ, ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին:
Այդ մասին այսօր նա հայտարարել է դատախազության մոտ կայացած ամենուրբաթյա բողոքի ակցիայի ժամանակ:
«Տիգրանի տրամադրությունը տեղն է, ողջունում է և շնորհակալություն է հայտնում բոլորին, որ այսօր այստեղ է ու աջակցում է իրեն: Ասեց, որ միանում է այն երիտասարդական նախաձեռնություններին, որոնք Սերժի անվավերությանն են քվեարկելու և նաև կոչ էր անում միանալ Հայ ազգային կոնգրես կուսակցության ստեծմանը: Նա խնդրել է իր բոլոր երիտասարդ ընկերներին, համախոհներին ընդառաջ գնալ այն նախաձեռնությանը, որ Հայաստանի քաղաքական դաշտում այսօր կայանում է այն է՝ ՀԱԿ կուսակցության ստեղծմանը, սա Տիգրանի ուղերձն էր, ողջույնն էր, առաջարկն էր ձեզ»,- ասել է Արամ Մանուկյանը:
Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն էլ տեղեկացրել է, որ Կոնգրեսի չորս ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի վճռաբեկ բողոքներն արդեն ուղարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան:
«Սա նշանակում է, որ մեկ ամսվա ընթացքում վճռաբեկ դատարանը պետք է որոշում ընդունի այդ գործը քննարկելու մասին, ուստի շատ կարևոր է, որ մենք ինտենսիվ կերպով շարունակենք այս ակցիաները, և ես ձեզ կոչ եմ անում նույնքան ոգևորությամբ ու նույնքան եռանդով շարունակել այս ակցիաները»,- ասել է Լևոն Զուրաբյանը: Տիգրան Առաքելյանի և երիտասրդների գործի մասին տեղեկություններ տալուց բացի, ԱԺ պատգամավորները խոսել են նաև նախընտրական, ընտրական ու քաղաքական գործընթացների մասին: