Home / Հայաստան / Փետրվարի 19-ին Հայաստանը դե յուրե ընտրված նախագահ կունենա. Րաֆֆի Հովհաննիսյան

Փետրվարի 19-ին Հայաստանը դե յուրե ընտրված նախագահ կունենա. Րաֆֆի Հովհաննիսյան

Նախընտրական արշավի 20 օրերում շատ բան է փոխվել քաղաքական գործընթացների նկատմամբ մարդկանց հավատի վերականգնման առումով: Այս մասին ընտրական քարոզարշավի ամփոփման ասուլիսին ասել է ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ փետրվարի 19-ին 20 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանը կունենա դե յուրե ընտրված նախագահ:

Բանախոսը նշել է, որ ընտրական օրենսգրքի և Սահմանադրության հազարավոր խախտւմներ արդեն տեղի են ունեցել, սակայն, թեկուզ ուշացումով, այնուամենայնիվ, իրավապահ մարմիններն արձագանքում են դրանց:

Որպես օրինակ Հովհաննիսյանն ասել է, որ մի շարք քաղաքներում գործող նախագահի քարոզչամիջոցները դուրս են բերվել հանրային կառույցներից:

«Թեև խախտումներ կան, անհավասար պայքար է, սակայն ես պայքարից հրաժարվող չեմ»,- ասել է Հովհաննիսյանը: Նա հավաստել է, որ ընտրատեղամասից ընտրատեղամաս իրենք հետևելու են քվեարկության գործընթացին, և, եթե ապացույցներ գտնեն, որ փորձ է արվում մարդկանց ուղղորդել, թե ում պետք է քվերարկել, կամ եթե արձանագրվի բացակայող անձանց փոխարեն քվեարկությունները, իրենք պատիժ են պահանջելու:

«Եթե Սերժ Սարգսյանը հետ կանչի փողը, վարչական ռեսուրսը, դա չի լինի իր պարտութունը կամ իմ հաղթանակը, նա կունենա ավանդ սահմանադրական երկիր ստեղծելու գործում», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նախագահի թեկնածուն նաև անդրադարձել է Սերժ Սարգսյանի այն խոսքերին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու խոստումն արկածախնդրություն է՝ նշելով, որ իսկական արկածախնդրությունը հանրային քննարկումից խուսափելն է:

Հովհաննիսյանը նաև իր համակիրներին հանրահավաքի է հրավիրել ընտրությունների հաջորդ օրը՝ փետրվարի 19-ին, Ազատության հրապարակում: