ՀՀ նախագահի թենկնածու Հրանտ Բագրատյանը քվեարկել է բոլորովին նոր Հայաստանի համար: Նա կարծում է, որ այն Հայաստանը, որն ունենք վերջին տարիներին, իրեն սպառել է բոլոր առումներով և զարգանալ, առաջ գնալ չի կարող:
Մուշեղ Գալշոյանի թիվ 148 դպրոցում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո Բագրատյանը պատասխանել է լրագրողների հարցերին, մասնավորապես, լրագրողի հարցին, թե ինչ զգացողություն ունի ինքն իրեն ընտրելուց հետո:
«Անում եմ մի բան, որ առաջին անգամ եմ անում», – ասել է Բագրատյանը:
Հաղթելու դեպքում նախագահի թեկնածուն մտածել է՝ ինչ է անելու, իսկ պարտվելու մասին մտածել չի ուզում:
«Հաղթելուց հետո գրաֆիկ եմ կազմելու՝ ժամ առ ժամ ինչ ենք անելու, ու չեմ կարծում, թե ընդհանրապես կարող է լինել պարտություն՝ մինչև 3-4 օր առաջ ավելի օպտիմիստ էի, բայց մասսայական ընտրակաշառքները, որ տեսա, հիասթափեցրին», ասել է Բագրատյանը՝ հավելելով, որ բոլորն էլ ընդունում են, որ միակ ալտերնատիվ ներկայացված մոդելը ինքն է:
Հետընտրական սցենարների մասին նախագահի թեկնածուն սկսել է մտածել դեռևս գիշերվանից և հուսով է, որ օրվա վերջին չի հիասթափեցնի, չնայած նշել է, որ իրենք վերջին օրերին ընտրակաշառք բաժանելու մի շարք դեպքեր են արձանագրել:
«Ընտրակաշառքները բաժանվում են իշխանության օգտին, և հենց հիմա Արեշում երիտասարդությունը ընտրողներին մեքենաներով ընտրատեղամասեր է բերում ու մտածում եմ՝ որտեղից են ճարում այդ երիտասարդությանը: 7/27 ընտրատեղամասում թաղապետարանի նախկին բարձրաստիճան աշխատակից լկտիություններ է ցուցաբերել: Ունենք կոնկրետ դեպքեր Ստեփանավանից՝ ընտանիքներ, այլ քաղաքներից բերում են լրացուցիչ ընտրացուցակներով քվեարկելու, ու արդեն ահազանգերը դառնում են մասսայական», – նշել է թեկնածուն:
Նա շեշտել է, որ պաշտոնյայի խախտման վերաբերյալ իրենք հաղորդում են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով և սպասում են արձագանքի:
Բագրատյանը ընգդծել է, որ կարևորը արդար ընտրություններն են, ու այդ պարագայում բացարձակապես կարևոր չէր լինի՝ ով կլինի հաղթողը:
«Կարևոր է, որ Հայաստանում հաղթեին», – ասել է թեկնածուն: