Այսօր, երբ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը քվեարկելուց հետո դուրս է եկել Սպենդիարյանի անվան թիվ 24 դպրոցից, նրան մոտեցել է ձեռնափայտով դժվարությամբ քայլող մի կին և նամակ է փոխանցել:
Սարգսյանի հեռանալուց հետո կինը լրագրողներին ասել է, որ ինքը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված Հարություն Սարգսյանի մայրն է։ Նա իր ազգանունը չի ասել, ներկայացել է որպես Անահիտ:
Կինը Սարգսյանին խնդրել է, որպեսզի իրեն ընդունի եթե ոչ ինքը, ապա գոնե իր ներկայացուցիչը:
Տիկին Անահիտը լրագրողների հետ զրույցում հակիրճ ներկայացրել է նամակի բովանդակությունը՝ նշելով, որ նամակում տեղեկություններ է հաղորդել «Գյումրիի կրիմինալի վերաբերյալ, [Շիրակի մարզային ոստիկանության պետ] Կարեն Բաբակեխյանի վերաբերյալ»:
«Որ հանցագործը ավտոմատներով կրակում է, ման է գալիս հանգիստ, շուռ են գալիս՝ անմեղին ասում են՝ մարդասպան ես: Ես խնդրեցի, որ լինի արդար դատավարություն: Ամոթ դատախազությանը և ոստիկանությանը: Անմեղ երիտասարդի սպանության համար է, որտեղ սպանվածն էլ է անմեղ, տուժողն էլ, հիմա այդ փաստն առանց ապացույցների… Այդպես են ուզում Բաբակեխյան Կարենը, որը ի ծնե, ի բնե ծեծող է, գիտեք: 10 ամիս երեխաս գտնվում էր ԱԱԾ-ում, պարզապես այդպես են ուզում, մի՞թե մարդուն կարող են անմեղ տեղը դատել, որ մարդը մտել, հելել է մոյկա, ուրեմն հետևե՞լ է [սպանվածին], և դրանով պիտի դատեն, որովհետև այդպես են ուզում ոստիկանությունը և դատախազությունը: Տեսնենք՝ պարոն նախագահը ինչ կանի, որից հետո կդիմենք համապատասխան ատյաններ: Ապահով Հայաստան են ուզում, բայց ես ապրում եմ անապահով Գյումրիում, ամուսնուս վրա էլ են գործ հարուցել հետևում են, ահաբեկում են ինձ, հետևում են աղջկաս, տղայիս ընկերներին ծեծում են, ջարդում են, որովհետև այդպես է ուզում կրիմինալ աշխարհը»,- ասել է տիկին Անահիտը:
Լրագրողների հարցին, թե ով է ծեծում ու ջարդում, նա ասել է, որ, բնականաբար, նա, ով տիրում է Գյումրին: Հարցին, թե խոսքը Կարեն Բաբակեխյանի՞ մասին է, վերջինս ասել է՝ բնականաբար:
Հիշեցնենք, որ Սարգսյանն Անիի տարածքշրջանի նախկին ոստիկանապետի որդին է, նա մեղադրվում է թե Կարեն Եսայանի սպանության, թե ապօրինի զենք-զինամթերք կրելու մեջ: Մեղադրանքների հաստատման դեպքում երիտասարդը կարող է դատապարտվել մինչև ցմահ ազատազրկման: Երիտասարդն իրեն մեղավոր չի ճանաչում: