Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Հայաստանի քաղաքացիներն կոչ է անում ընտրախախտումներ արձանագրելու դեպքում ակտիվ լինել և դիմել համապատասխան մարմիններին: Այս մասին նա ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում:
«Ես կոչ եմ անում Հայաստանի բոլոր ընտրողներին, եթե նրանք ընտրախատումներ են արձանգրում, ապա այդ մասին հաղորդեն և այնպես անեն, որ պատկան մարմինները, ովքեր հրապարակավ խոստացել են այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, այդ քայլերը ձեռնարկեն, որպեսզի ազատ, արդարացի և արժանահավաատ ընտրություններ լինեն Հայաստանում»,- Հեֆերնի խոսքերն է փոխանցում Medialab.am-ը:
Լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս է դեսպանը վերաբերում այսօր առավոտվանից ընտրախախտումների վերաբերյալ հնչող ահազանգերին և այն փաստերին, որ մարզերում ընտրակաշառք է բաժանվում, անձնագրերում դրոշմակնիքների թանաքն է օքսիդանում, Ջոն Հեֆերնը պատասխանել է, որ դեռ վաղ է գնահատականներ տալը:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը վաղը հանդես կգա հայտարարությամբ, կտա միջազգային հանրության գնահատականը Հայաստանի նախագահի ընտրությունների վերաբերյալ:
«Մենք՝ որպես դիտորդներ, հետևում ենք ընտրությունների ընթացքին: Պարոն Մուկուչյանը Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հրապարակավ ժողովրդի առաջ հավաստիացրել է, որ բոլոր խախտումներով կիրականցվեն հետաքննություններ, մեղավորները կպատժվեն»,- ընդգծել է Ջոն Հեֆերնը: