ԱՊՀ երկրների դիտորդական առաքելության ներկայացուցիչ Նիկոլայ Նաումենկոյի կարծիքով՝ ՀՀ նախագահի 2013 թվականի ընտրությունները «գերազանց ընթացք ունեն»: Այս մասին նա ասել է Epress.am-ի թղթակցի հետ զրույցում:
Նաումենկոն իր գործընկների հետ դիտարկել է 17-րդ ընտրատարածքում, որը ներառում է Արարատի մարզի մի մասը: Դիտորդը պատմել է, որ առավոտից այցելել է Արտաշատ քաղաքի ընտրատեղամասերը, ինչպես նաև եղել է Մրգավան գյուղում և արտառոց ոչինչ չի նկատել:
Նա նշել է, որ ընտրությունների ընթացքում տեղամասերում մարդկանց կուտակումներ չկան, ու, չնայած առավոտից մարդկանց հոսքը տեղամասեր մեծ չէր, ժամը 11-ից հետո ընտրողներն ավելի ակտիվացել են:
Դիտորդն ընդգծել է, որ իրենք առաքելությունն իրականացնելու ընթացքում հանդիպել են նաև տեղական ՀԿ-ների երիտասարդ դիտորդներին, ովքեր, Նաումենկոյի խոսքով, անընդհատ փորձել են խնդիրներ գտնել՝ ստուգել՝ արդյոք արկղերը լավ են փակված, հետևել անձնագրերում դրված կնիքներին: Դիտորդի խոսքով՝ դժվար է խնդիրներ տեսնել, քանի որ դրանք իրականում չկան:
Մրգավանում Նաումենկոյին տեղի հանձնաժողովի աշխատանքի մասին փորձել են հարցեր ուղղել գյուղում դիտորդական առաքելություն իրականացնող «Իրավունքի եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչները, սակայն նա նշել է, որ հանձնաժողովների գործունեությունը չի կարող մեկնաբանել: