Ակտիվիստներ Սարո Սարոյանը, Դավիթ Հարությունյանը, Կարեն Հարությունյանը, Միհրան Մարգարյանը և Վահագն Մինասյանը այսօր միացել են Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ հացադուլ անող Անդրիաս Ղուկասյանին:
Նրանք կոչ են անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չեն ընդունում կեղծ ընտրությունները և դրա միջոցով վերարտադրվող ապօրինի ռեժիմը, այսօր և վաղը հավաքվել Ակադեմիայի դիմաց:
Փետրվարի 19-ին՝ նստացույցի ավարտին, ակտիվիստները մտադիր են ակցիա անցկացնել ԿԸՀ-ի դիմաց, որով կարտահայտեն իրենց վրդովմունքը «Հայաստանում չծնված ժողովրդավարության վախճանի կապակցությամբ»:
«Այսօր ականատես ենք լինում հերթական կեղծ ընտրություններին: Գտնում ենք, որ հանրության միասնական գործողությունների միջոցով է հնարավոր հաստատել քաղաքացու ընտրական իրավունքը և իշխանությունը վերադարձնել ժողովրդին», – ասված է ակտիվիստների՝ ավելի վաղ տարածած հայտարարության մեջ: