Home / Հայաստան / Հանձնաժողովի անդամը պապիկին հորդորել է ցուցակում հեշտ ու տարածված ազգանուն փնտրել

Հանձնաժողովի անդամը պապիկին հորդորել է ցուցակում հեշտ ու տարածված ազգանուն փնտրել

Այսօր Վանաձորում ՀՀ նախագահի ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մի շարք խախտումներ է արձանագրել: Իրավապաշտպան կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ բոլոր արձանագրված խախտումները կատարվում են ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թիմակիցների կողմից:

Մասնավորապես, ժամը 09:30-ին կազմակերպության դիտորդների կողմից թիվ 30 մանկապարտեզի մոտ արձանագրվել է 21ՏՍ 880 համարով ավտոմեքենայի մոտ արդեն քվեարկած ընտրողների կուտակում, որոնք ունեցել են ակնկալիքներ այդ ավտոմեքենայում նստած մարդկանցից: 29/25 տեղամասի տարածքում 11:30-ի դրությամբ ընտրակաշառքի բաժանման դեպք է արձանագրվել:

31/05 ընտրական տեղամասում ժամը 09:30-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդը փաստել է լցոնում, 32/05 տեղամասում դիտորդը լցոնում է գրանցել ժամը 10:58-ին:

Լցոնման ևս մեկ դեպք արձանագրվել է 32/14 տեղամասում ժամը 10:00-ին: Արձանագրված լցոնման մասին տեղեկացնելու համար ԿԸՀ-ից զանգահարել են կազմակերպության դիտորդին և նկատողություն արել, թե ինչու է նման տեղեկատվություն հաղորդել:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդները նաև բաց քվեարկության մի քանի դեպք են արձանագրել, իսկ 32/56 ընտրական տեղամասում մի պապիկ ընտրելուց հետո հանձնաժողովի անդամներին է նայել ու ասել. «Սերժին եմ ընտրել»:

Նույն տեղամսում հանձնաժողովի անդամը մի ծեր պապիկին ասել է. «Եթե չտեսնես էլ, հեշտ ազգանուն է, տարածված ազգանուն է, հեշտ կգտնես»:

«29/21 ընտրատեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձ Ավետիք Աբազյանը մոտենում է քվեարկության եկած ընտրողներին, մինչև քվեարկելը զրուցում նրանց հետ, քվեարկելուց հետո նորից մոտենում է համագյուղացիներին, զրուցում նրանց հետ, իսկ ընտրողների հեռանալուց հետո վստահված անձն իր մոտ եղած ցուցակում նշում է կատարում: 41/23 երկու քաղաքացի մոտենում են դրսում ցուցակներում իրենց անունները փնտրողներին և հորդորում ընտրել Սերժ Սարգսյանին», – արձանագրել են դիտորդները: