ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը հայատրարել է, որ 2013 թվականի ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքներն կարելի է կեղծված համարել: Մելիքյանը 19:00-ին տարածած հայտարարության մեջ իր պնդումը պատճառաբանում է նրանով, որ ժամը 18:00-ի դրությամբ ԿԸՀ-ն ընտրություններին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ հերթական միջանկյալ տվյալներն է հրապարակել, որոնց համաձայն ընտրություններին արդեն իսկ իրենց մասնակցությունն են բերել 1.259.374 ձայնի իրավունք ունեցող քաղաքացիներ, կամ «ՀՀ-ում ֆիզիկապես ներկա ընտրողների 100%»:
«Սա նշանակում է, որ կանխատեսման համաձայն ընտրությունների արդյունքներն արդեն իսկ կեղծված են և այս իրողության անտեսումը «ընտրությունների» արդյունքները ճանաչելու պատրաստակամ ՀՀ քաղաքացիներին, քաղաքական ուժերին,նախագահի թեկնածուներին մեղսակից կդարձնեն այս անօրինականությանը՝ քաղաքացիներից ազատ կամարտահայտման միջոցով իշխանություն ձևավորելու իրավունքի հերթական բռնազավթմանը:
Անհրաժեշտ ենք համարում նաև հատուկ անդրադառնալ դիտորդական առաքելությունների կողմից այս նախագահական ընտրությունների արդյունքները ճանաչելու հեռանկարին: Այն, որ ՀՀ իշխանությունները ծանակում են սեփական քաղաքացիներին «ընտրություն» կոչելով այս գործընթացը, թերևս բնական է այս որակն ունեցող իշխանական համակարգի համար, սակայն եթե միջազգային դիտորդները ևս մասնակցեն այս անիրավ գործելակերպի օրինականացմանը, ապա դա կդիտարկվի որպես ՀՀ պետականության և մեր երկրում ժողովրդավարական արժեքներին դեմ կատարվող ոտնձգություն:
Յուրաքանչյուրն այսօր պետք է մտածի, թե ինչ պատասխան է տալու վաղը իր որդեգրած վարքագծի համար», – եզրափակում է ՀՀ նախագահի թեկնածուն: