ԳԱԼԱ-ի աղբյուրները դեռ մի քանի օր առաջ հաղորդել էին, որ ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է ավտոբուսներով ընտրողներ տանել մայրաքաղաք՝ Ախուրյանում գտնվող Շաքարի գործարանի իր աշխատակիցներին:
Այսօր՝ փետրվարի 18-ին, առավոտյան 09:05-ին Ախուրյանի Շաքարի գործարանի բակից շարժվեց աշխատակիցներով լիքը 4 միկրոավտոբուս և մեկ մեծ մարդատար ավտոբուս: ԳԱԼԱ-ի տեսախցիկը ֆիքսել է նաև այդ ավտոբուսների համարները: Ուղևորներով լիքը ավտոբուսները կանգնեցնել չի հաջողվել:
Գործարանի ինժեները հաղորդել է, որ մարդկանց տանում են ընտրության Գյումրու Գարեգին Նժդեհի հրապարակ: Սակայն իրականում ավտոբուսները դուրս են եկել Գյումրի-Երևան մայրուղի:
ԳԱԼԱ-ի տեղեկությունների համաձայն՝ գործարանի աշխատակիցներին տալու են քվեաթերթիկ, որի վրա նշում է արված Սերժ Սարգսյանի անվան դիմաց: Քվեաթերթիկը ընտրողը պետք է գցի քվեատուփը, իր հետ տեղամասից դուրս բերելով իրեն հանձնված մաքուր քվեաթերթիկը: