Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին կոչ է արել մինչև վաղը՝ ժամը 17.00-ն, հանդիպել իր հետ և կազմակերպել իշխանության փոխանցումը ժողովրդին:
«Ուզում եմ սեղմել Սերժ Սարգսյանի ձեռքը և լսել նրա շնորհավորանքը ժողովրդի հաղթանակի կապակցությամբ», – Ազատության հրապարակում ժամը 17:00-ին մեկնարկած մամուլի ասուլիսին հայտարարել է Հովհաննիսյանը:
Նախագահի թեկնածուն կոչ է արել բոլոր նրանց, ովքեր ընտրությունների ժամանակ խախտել են օրենքը, մինչև վաղը՝ ժամը 17:00-ն, խոստովանել իրենց սխալը: Միայն այդ դեպքում ոչ թե ինքը, այլ ժողովուրդը կների այդ մարդկանց:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ ինքն իր քաղաքական թիմում և կառավարությունում ընդգրկելու է ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի ներկայացուցիչներին, ինչպես որոշ ՀՀԿ-ականների:
Նշենք, որ այն պահին, երբ Հովհաննիսյանը շփվում էր լրագրողների հետ («Ժառանգությունը» հայտարարել էր, որ ոչ թե հանրահավաք, այլ բաց ասուլիս է հրավիրում), Ազատության հրապարակում հազարավոր մարդիկ ունկնդրում էին Հովհաննիսյանի խոսքը: Հրապարակում հնչում էին մի շարք կարգախոսներ՝ «Ոչ Սերժին», «Րաֆֆին՝ նախագահ», մի խումբ ակտիվիստներ վանկարկել են «Սերժիկ՝ մարդասպան»:
Հովհաննիսյանը հայտարարել է, որ ընտրությունների կեղծված լինելու մասին գիտեն թե Սերժ Սարգսյանը, թե դիտորդները: Թեկնածուն հրաժարվել է խոսել հետագա քայլերի մասին՝ նշելով, որ իր կյանքի գնով էլ թույլ չի տա գողություն և որ իր անելիքների մասին կխոսի վաղը՝ 17:00-ին:
Ազատության հրապարակից Րաֆֆի Հովհաննիսյանին ժողովուրդը ուղեկցել է մինչև Մոսկովյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկ՝ վանկարկելով՝ «Րաֆֆի՝ նախագահ»:
Epress.am-ը զրուցել է Ազատության հրապարակ եկած մարդկանց հետ՝ պարզելու՝ ինչ սպասելիքներ ունեին այսօրվա հանդիպումից:
Հովհաննիսյանին ձայն տված 50 տարեկանին մոտ մի կին ասել է, որ մեծ ոգևորվածությամբ է եկել հրապարակ, սակայն Հովհաննիսյանի ելույթն իրեն մի փոքր մեղմ է թվացել: Հանդիպմանը եկած թեկնածուի մի քանի երիտասարդ համակիրներ նշել են, որ պարտաստ են նստացույց կազմակերպել, առավել ևս, որ եղանակը թույլ է տալիս: 60 տարեկան մի կին էլ ասել է, որ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ևս պետք է միանան իրենց, քանի որ դա ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի, այլ ժողովրդի հաղթանակն է:
Րաֆֆի Հովհաննիսյանի հեռանալուց հետո երիտասարդների մի խումբ էլ հիաստափություն է հայտնել թեկնածուի պահվածքից: Մասնավորապես, Շահե Թաջիրյանն ասել է, որ մեկ օրով որոշումը հետաձգելը ընդամենը ժամանակ շահելու փորձ է, քանի որ այսօր էլ հրապարակում բավական մարդ կար՝ մեծ հանրահավաք կամ նստացույց անցկացնելու համար: Նա նշել է, որ եկածների մեծ մասը համոզված էր, որ գալիս է հանրահավաքի: