Home / Հայաստան / Ինչու է կարևոր «Կարֆուրի»-ի մուտքը Հայաստան. բացատրել է գործարարը

Ինչու է կարևոր «Կարֆուրի»-ի մուտքը Հայաստան. բացատրել է գործարարը

«Կարֆուր» ցանցի մուտքը Հայաստան կարող է էապես փոխել արագ սպառվող ապրանքների շուկան։ Ընկերությունն իր բարձր ստանդարտներով նոր խոսք կմտցնի մատակարարման ողջ շղթայում՝ թելադրելով թե՛ որակի, թե՛ մատակարարման նոր չափանիշներ։ Այս մասին Civilnet.am-ի հետ զրույցում ասել է «Սթար» սուպերմարկետների ցանցի նախկին տնօրեն Վահան Քերոբյանը:

««Կարֆուրի» գալու հետ կապված ես որևէ գործոն չեմ տեսնում, որ կարող է բացասական լինել Հայաստանի համար։ Բացի այդ, մի քանի տարի է, ինչ Հայաստանում որևէ օտարերկրյա լուրջ ընկերություն ներդրում չի կատարել: «Կարֆուրի» մերձավորարևելյան ֆրանչայզի գալը Հայաստան և նրա՝ շուրջ $150 մլն ներդրում կատարելու պատրաստակամությունը շատ մեծ ազդակ կարող է լինել տարածաշրջանային և գլոբալ ներդրողների համար, որ Հայաստանը ներդրումների համար նպատակահարմար երկիր է։ Եթե ինչ-ինչ պատճառներով չհաջողվի «Կարֆուրի» մուտքը հայկական շուկա, ապա դա շատ վատ կազդի Հայաստանի ներդրումային միջավայրի վրա։ Եթե MAF-ը [Majid Al Futtaim Holding, Carrefour-ի մերձավորարևելյան արտոնագրային գործընկերը], որը կարողանում է աշխատել 11 երկրներում, այդ թվում՝ Պակիստանում, Բահրեյնում, Իրանում ու Վրաստանում, իսկ Հայաստանում չկարողանա, դա ներդրողների համար բացասական ազդակ կլինի», – ասել է Քերոբյանը։

Նրա խոսքով՝ «Կարֆուրն» իր գնման ուժի և աշխարհում ունեցած շրջանառության միջոցով կարող է դիմագրավել ոչ հավասար մրցակցությանը և հաջողություն ունենալ։

«Հնարավոր է՝ նույն շաքարավազի մասով չհաջողվի, բայց մյուս ապրանքների, օրինակ՝ մրգերի մասով, կարող է շուրջ երեք անգամ էժան գներ առաջարկել և արդյունքում կարող է չեզոքացնել շաքարավազի բարձր գները։ Այնպես չէ, որ «Կարֆուրը» տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Հայաստանում: Եթե նրանք որոշել են ներդրումներ կատարել Հայաստանում, ապա գրագետ հաշվարկներ են կատարել: «Կարֆուրի» մուտքով կարող է հնարավորություն ստեղծվել նաև արտահանողների համար։ Այդ ընկերության ցանցը լավ միջանցք կարող է ստեղծել հայ արտադրողների համար, որոնք «Կարֆուրի» միջոցով կարող են ապրանքներ իրացնել ներկայացված 11 երկրներում», – ասել է գործարարը:

Քերոբյանը նաև նշել է, որ թեև Հայաստանի պարագայում «Կարֆուրը» երբեք չի կարող երեք-չորս հիպերմարկետից ավելի ունենալ, ընդ որում՝ բոլորը Երևանում, պետք է հաշվի առնել, որ ընկերության մուտքը ավելի շատ քաղաքական է, քանի որ ռիթեյլերներին գնահատելիս, հաշվի են առնում, թե քանի երկրում են նրանք գործունեության ծավալում, և երկրի չափը այդքան էլ մեծ դեր չի խաղում։