ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազատության հրապարակ է այցելել նախևառաջ հարգանքի, հիացմունքի, խոնարհումի տուրքը մատուցելու ՀՀ քաղաքացուն, Հայաստանի ժողովրդին: Այս մասին նա գրել է nikolpashinyan.com կայքում:
«Փետրվարի 18-ի քվեարկությամբ Հայաստանի ժողովուրդը հստակ և տարընթերցումների տեղիք չտվող պատասխան տվեց վերջին տարիներին իրեն ուղղված մեղադրանքներին և ապացուցեց, որ ոգեղեն ժողովուրդ է, ազատության ժողովուրդ է, ապագայի ժողովուրդ է: Մեր ժողովուրդն ընդ որում, այս փաստն ապացուցել է բազմիցս՝ բոլոր ճակատագրական պահերին արտահայտելով հստակ և սկզբունքային դիրքորոշում: Այդ մենք՝ քաղաքական գործիչներս ենք, որ դժբախտաբար` միշտ չէ, որ կարողացել ենք արժանի լինել մեր ժողովրդին և մատուցել նրան արժանի ծառայություն:
Ընթացիկ քաղաքական իրավիճակը առավել քան հստակ է. ժողովուրդը վստահության քվե է տվել ՀՀ նախագահի թեկնածու, հայրենադարձ գործիչ, «Ժառանգության» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին, ով պիտի հետագա զարգացումների վերաբերյալ իր պատկերացումները ներկայացնի հանրությանը, ժողովդրին:
Եվ այսօր իմ՝ Ազատության հրապարակում լինելը արձանագրումն է այն բանի, որ ուժերիս ներածին չափով պատրաստ եմ աջակցել այն քայլերին, որոնք միտված կլինեն Հայաստանում իրական, համակարգային փոփոխությունների հասնելուն, ժողովրդի իշխանության հաստատմանը: Ընդգծում եմ առանց սեթևեթանքների. Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած գործընթացներին իմ հետագա աջակցությունը կախված կլինի բացառապես դրանց քաղաքական եւ քաղաքացիական բովանդակությունից:
Հայաստանի ժողովրդին իրական հաղթանակների բերելը այն նպատակն է, որին ծառայել և ծառայելու եմ անմնացորդ», – գրել է Նիկոլ Փաշինյանը: