Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումից հետո սուլոցներով էին ճանապարհում իրենց թիմին «Էմիրեյտս» ստադիոնից:
Սեփական հարկի տակ հանդես գալով՝ «Արսենալը» չկարողացավ անգամ ոչ-ոքի խաղալ Մյունխենի «Բավարիայի» հետ: Ավելին՝ հանդիպման, իսկ խոշոր հաշվով նաև հակամարտության ելքը վճռվեց արդեն 21-րդ րոպեին, երբ հյուրերն առջևում էին հաշվի մեջ 2:0 հաշվով՝ շնորհիվ Տոնի Կրոսի և Թոմաս Մյուլերի խփած գնդակների:
«Բավարիան» ավելի բարձրակարգ և լավ կազմակերպված թիմի տպավորություն էր թողնում: Հստակ երևում էր, որ Յուպ Հայնկեսի թիմը կարող է ավելացնել ցանկացած պահի: «Արսենալը» փորձեց բեկում մտցնել խաղի մեջ երկրորդ կեսի սկզբում: Լոնդոնցիները, օգտվելով դարպասապահ Մանուել Նոյերի սխալից, կրճատեցին հաշվի տարբերությունը՝ գոլի հեղինակ դարձավ Լուկաշ Պոդոլսիկին: Սակայն ավելին Արսեն Վենգերի թիմին անել չհաջողվեց. միակ իրական պահը 1:2 հաշվի ժամանակ ունեցավ փոխարինման դուրս եկած Օլիվյե Ժիրուն, բայց նրա հարվածը հետ մղեց Նոյերը: Առավել ապահով լինելու համար «Բավարիան» ևս մեկ գնդակ խփեց, մոտ տարածությունից Լամի փոխանցումն օգտագործեց Մարիո Մանձուկիչը: Գերմանական թիմը ամրության մեծ պաշարով է վերադառնում Մյունխեն, և այս հակամարտության հաղթողն արդեն 99 տոկոսով հայտնի է:
Օրվա երկրորդ խաղում պորտուգալական «Պորտուն» նվազագույն հաշվով պարտության մատնեց իսպանական «Մալագային»: Կարգով հավասար մրցակիցների խաղում միակ գնդակը 56-րդ րոպեին խփեց Ժուան Մուտինյուն: