ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ֆեյսբուքյան էջից ջնջել են երեկ ամբողջ օրվա ընթացքում Հայաստանի քաղաքացիների կողմից արված գրառումները, տեղադրված տեսանյութերն ու լուսանկարները:
Այսօր էջի համակարգողը նաև փակել է էջում՝ այլ օգտատերերի կողմից նյութեր տեղադրելու հնարավորությունը և բաց է թողել միայն առաջարկների բաժինը:
Նշենք, որ երեկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախագահական ընտրությունների մասին «Նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ» զեկույցի հրապարակումից հետո հայաստանցի օգտատերերը էջում սկսել են քննադատություններ տեղադրել:
Քաղաքացիները, մասնավորապես, գրել էին, թե համաձայն չեն այն մտքի հետ, որ խախտումների թիվը որոշիչ չի եղել:
Օգատերերը նաև թողել են «Shame on you» (Ամոթ ձեզ), «Leave Armenia» (Հեռացեք Հայաստանից), «You justify fraud» (Դուք արդարացնում եք կեղծիքը) գրառումները:
Հայաստանցի օգտատերերը նաև լուսանկարներ և տեսահոլովակներ են տեղադրել դիտորդների՝ երեկ տեղի ունեցած ասուլիսից, որտեղ մի խումբ ակտիվիստներ արտահայտել են իրենց անհամաձայնությունը զեկույցի հետ՝ ստիպելով դադարեցնել ասուլիսը:
Դիտորդական առաքելության Էջի կողմից կիրառած գրաքննությունը մեծ դժգոհություն է առաջացրել Facebook-ի հայաստանցիների օգտատերերի շրջանում:
Մասնավորապես, օգտատեր Խաչիկ Բադեյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի էջի նոր քաղաքականությունը քննադատելով՝ նկատել է, որ առնվազան անտրամաբանական է արտահայտման ազագության և այլ իրավունքների համար «պայքարող» միջազգային կազմակերպության կողմից նման քայլը:
«Սա ժողովրդավարական կառույց չէ: Իրենց արածը քաղաքական խաբեություն է, ավելին՝ մեր վրա վաճառում են էդ սուտը: Ժողովրդավարության անվան տակ նրանք բռնապետերի են օրինականացնում»,- իր էջում գրել է Բադեյանը: