ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ դիմել է մի շարք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ` մի քանի տասնյակ ընտրատեղամասերում ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Այս մասին հայտնում է թեկնածուի նախընտրական շտաբը:
«Պահանջի բավարարումը ենթադրում է քվեարկության արդյունքների վերահաշվարկ, որի ընթացքում «դիմող կողմն այլ փաստաթղթերի հետ իրավունք ունի ծանոթանալու ընտրողների ստորագրած ցուցակներին, ինքնուրույն կատարելու քաղվածքներ» (ԸՕ հոդված 48, կետ 14):
Գործընթացին իրավասու են ներկա գտնվել և հետևել թեկնածուի վստահված անձինք, լրագրողներ, դիտորդներ:
Ընտրատարածքային հանձնաժողովներ ներկայացված դիմումներում հստակ նշված է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հեռախոսահամարը, որով թեկնածուին պետք է տեղյակ պահվեր դիմումին տրված ընթացքի և յուրաքանչյուր ընտրատեղամասի` քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամի մասին, որպեսզի հնարավոր լիներ ապահովել Հովհաննիսյանի վստահված անձանց ներկայությունը:
Մինչդեռ առանց որևէ հեռախոսազանգով կամ կապի այլ միջոցով թեկնածուին տեղյակ պահելու, առանց թեկնածուի վստահված անձանց ներկայության մի շարք ԸԸՀ-ներում այսօր ժամը 11:00-ից մեկնարկել է վերահաշվարկների գործընթաց», – նշված է շտաբի տարածած հայտարարության մեջ:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը խստիվ դատապարտում է օրինականության աղաղակող խախտումը և պաշտոնապես պահանջում է անմիջապես, բոլոր ԸԸՀ-ներում դադարեցնել ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումների հիման վրա կատարվող քվեարկության արդյունքների վերահաշվարկները, ինչպես նաև պահանջում է դրանք սկսել միայն և պարտադրաբար թեկնածուի շտաբին տեղյակ պահելուց և Հովհաննիսյանի վստահված անձանց, լրագրողների, դիտորդների` ԸԸՀ-ներ ժամանելուց հետո: