Home / Հայաստան / Արմեն Աշոտյանը չի հավատում, որ պայքարը իշխանության համար է

Արմեն Աշոտյանը չի հավատում, որ պայքարը իշխանության համար է

Հետընտրական զարգացումները Րաֆֆի Հովհաննիսյանին կարող են տանել այն ուղղությամբ, որ իրականում նա դառնա ոչ թե 37 տոկոս ձայն հավաքած ընդդիմադիր քաղաքական գործիչ, այլ այն քաղաքական գործիչը, որը տնօրինելու է 37 տոկոս ձայները հետընտրական սահմանում: Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ես հասկանում եմ, որ գուցե Րաֆֆի Հովհաննիսյանը այլ հաշվարկներ ունի նույնպես, կարող եմ մտածել, որ այս հանրահավաքային շարժումը նպատակ ունի իր շուրջը սոսնձել բոլոր այն 37 տոկոս ձայները, որ նա ստացել է, որովհետև իր տեխնոլոգները շատ լավ հասկանում են, որ դա ըմբոստ էլեկտորատն է, որը քվեարկել է ընդդեմ Սերժ Սարգսյանի հիմնականում: Իհարկե, իր շահերը այստեղ բախվելու են ՀԱԿ-ի ՀՅԴ-ի և մի շարք այլ քաղաքական ուժերի շահերի հետ, որոնք այս ընթացքում, չեմ կարծում, որ հեշտությամբ տան իրենց նախկին քաղաքական կապիտալը Րաֆֆի Հովհաննիսյանին», – ասել Րաֆֆի Հովհաննիսյանը:

Աշոտյանի կարծիքով՝ ընդդիմադիր այլ քաղաքական ուժերի հետևորդների ակտիվ ներգրավումը հանրահավաքներին առնվազն երկու նպատակ է հետապնդում.

առաջին՝ թույլ չտալ, որպեսզի ընդդիմադիր գործչի, թիվ մեկ աստիճանը հասնի միայն Րաֆֆիին և կարողանան իրենք իրենց ձայներին տեր կանգնել նաև հետագայի համար, երկրորդը՝ փորձել, եթե զարգացումները գնան իրենց ուզած ճանապարհով, շատ պատեհ պահին, շատ գեղեցիկ ձևով Րաֆֆի Հովհաննիսյանին, պատկերավոր ասած, հանել բերմահարթակ:

«Ակնհայտ է նաև հետևյալը, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կերպարը արևմտամետ քաղաքական գործչի կերպար է, ես կասեի՝ ծայրահեղ արևմտամետ կերպար է, իսկ  խորհրդարանական ընդդիմադիր ձայները տնօրինող քաղաքական  ուժերը հիմնակնում հյուսիսային, ռուսամետ կամ պրոռուսական քաղաքական գծի հետևորդներ են եղել: Խոսքը գնում է ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի մասին, ակնհայտ է նաև հետևյալը, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետևում կանգնած ուժերը գուցե և փորձեն Հայաստանում ընդդիմադիր էլեկտորատը դարձնել արևմտյան  էլեկտորատ և ակնհայտ է, որ այդ էլեկտորատի պառլամանետական ձայների տերերը պետք է դա թույլ չտան և թույլ չեն տալու, կամ պետք է փորձեն իրենք իրենց միջամտությամբ պրոցեսները կատարել: Ինչևէ, մենք ավելի շատ ականատես ենք լինում ոչ թե իշխանության համար պայքարի, որքան ընդդիմադիր դաշտում առաջին, երկրորդ, երրորդ տեղի դիրքավորումներին»,- ասել է Աշոտյանը:

Նախարարը նաև նշել է, որ, հատկապես հաշվի առնելով Երևանի ավագանու գալիք ընտրությունները, որտեղ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը և «Ժառանգությունը» չկարողացան լուրջ հայտ տալ, ապա մնացած չորս տարիների ընթացքում միակ քաղաքական հարթակը, որ կարողանալու է օգտագործել այդ ուժը՝ դա խորհրդարանն է, որտեղ նրանք ունեն ընդամենը 3 մանդատ:

«Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանի ընտրություններով պետք է ապահովի իր կուսակցության գալիք չորս տարիների քաղաքական ակտիվությունը»,- ասել է Աշոտյանը: