Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չեղյալ է համարել այսօր ժամը 14:00-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հայտարարությունը տարածվել է հանրահավաքի մեկնարկից մոտ 45 րոպե առաջ:
«Լինելով պատասխանատու քաղաքական ուժ՝ մենք երբեք չենք գնացել և բնականաբար չենք էլ գնա քայլերի, որոնք կարող են ավելորդ լարվածություն ստեղծել մեր երկրում: Ցանկություն չունենալով ակամա մասնակիցը դառնալու հակասահմանադրական կոչերով լի արկածախնդրություններին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրաժարվում է Ազատության հրապարակում վաղօրոք նախատեսված իր միջոցառումից: Վստահ ենք, որ շատ շուտով մեր ժողովրդի համար խորհրդանշական այդ վայրում բոլորս միասին կտոնենք ազատության և ժողովրդավարության այն հաղթանակը, որը մենք գրանցեցինք մեր երկրում 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ», – ասված է հայտարարության մեջ: