Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանին խորհուրդ է տալիս 90-ականների իշխանությունների ոչ միայն դրական, այլև բացասական կողմերը տեսնել: Այս մասին Տեր-Թադևոսյանն ասել է այօր լրագրողների հետ հանդիպմանը, որը նվիրված էր նախօրեին իր հայտարարություններին տված Մանուչարյանի արձագանքին: Այսօր Տեր-Թադևոսյանը վերահաստատել է իր կարծիքը այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոյանն ու իր կառավարությունը դեմ էին Շուշիում, Խոջալուում հայկական բանակի գործողություններին:
«Նրանք ամբողջ ընթացքում խանգարում էին: Մանուչարյանը պետք է առողջ խոստովանանք տա: Ես ոչինչ չունեմ նրա դեմ, դեմ եմ նրա ասածներին, իրանք չէին կարող 4 միլիոն մարդ միավորեին: Նրանք դեմ էին ԼՂՀ իշխանություններին և հասցրեցին Արթուր Մկրտչյանին ինքնասպանության (ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ – խմբ.): Լևոն Տեր-Պոտրոսյանը մեզ ասեց՝ «էդ քանի գլխանի եք, որ ազատագրում եք Շուշին»,- ասել է Տեր-Թադևոսյանը:
Հիշեցնենք, որ Աշոտ Մանուչարյանը, երեկ անդրադառնալով Տեր-Թադևոսյանի հայտարարությանը, ասել էր, թե սա առաջին անգամը չէ, որոշ քաղաքական ուժեր փորձում են ճանաչված հրամանատար Կոմանդոսին օգտագործել իրենց նպատակների համար:
Աշոտ Մանուչարյանն ասել էր նաև, որ ինչ-որ մեկին պետք է, որ Կոմանդոսը Արցախյան շարժման 25-ամյակի օրվա նախօրեին անի այդպիսի հայտարարություն:
Այսօր Կոմանդոսը խորհուրդ է տվել ստեղծել կառույց, որը կուսումնասիրի պատերազմի տարիների փաստերը, որպեսզի միևնույն բանի համար պայքարած մարդիկ իրար դեմ դուրս չգան:
Լրագրղներից մեկը հարցրել է, թե ինչպես է Կոմանդոսը վերաբերվում Մանուչարյանի հայտարարությանը, թե իրեն օգտագործում են: Բանախոսն ասել է, որ Մանուչարյանը ամեն տեղ կարող է նույնիսկ տիեզերքի միջամտությունը տեսնել: Տեր-Թադևոսյանը նաև վստահեցրել է, որ ինքը միայն դեպքից դեպք է հանդիպում ներկա իշխանությունների ներկայացուցիչներին, բարևում է և քաղաքական քննարկումներ չի ունենում:
Նշենք, որ այսօրվա ասուլիսին հրավիրված է եղել նաև Մանուչարյանը, սակայն նա կտրականապես հրաժարվել է բանավիչել Տեր-Թադևոսյանի հետ:
Լուսանկարը՝ armenianchurch.do.am