Համապետական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստան ժամանող միջազգային դիտորդները հիմնականում իրենց պահում են քաղաքական տուրիստների նման և իշխանությունների հաշվին ակտիվ կերուխումների մեջ են լինում, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ այս անգամ դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային դիտորդների մեծ մասին ամենաշատը հանդիպել են Երևանի կենտրոնում գտնվող «Յանս» համալիրում, որը, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանին:
«Միջազգային դիտորդներին հաճախ կարելի էր տեսնել նաև Պռոշյան փողոցում «Ոսկե պատառաքաղ» օբյեկտի հարևանաթյամբ և Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենցիայում» (գտնվում է Հրազդանի կիրճում)», – նշում է թերթը:
Ըստ «ՉԻ»-ի տեղեկությունների, դիտորդների կերուխումի համակարգողը ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն էր, որը նաև ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության դեկավարն է և անցած նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալն էր:
«Դիտորդներին հաճախ են տեսել նման օբյեկտներում` առանց պետական համարանիշներով մեքենաների, որոնք սպասարկել են տարբեր պաշտոնյաների զավակները: Այսքանից հետո, ի դեպ, դեռ կարելի է զարմանալ, որ միջազգային դիտորդները ինչ-որ բաներ տեսել են այս ընտրությունների ժամանակ և զեկույցներում տեղ-տեղ խոսել են նաև որոշակի խախտումների մասին», – գրում է «ՉԻ»-ն: