Վանաձորի քաղաքացիները դժգոհություն են հայտնել քաղաքապետ Սամվել Դարբինյանի հայտարարությունների կապակցությամբ: «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի նախագահ Էդգար Խաչատրյանն իր և Վանաձորի բազմաթիվ բնակիչների անունից բաց նամակ է հղել Վանաձորի քաղապետին, ով երեկ «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրողի հետ ունեցած զրույցում, պարզաբանելով հանրապետության երրորդ քաղաքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը, ասել էր. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում` ինչ է անում»:
«Մասնակցելով, 2013-ի, փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին, իմ և Ձեր հազարավոր համաքաղաքացիները, հարյուր հազարավոր (ի դեպ, ընտրողների թվի մասին այս դատողություններս արժանի են առանձին քննարկման առարկա լինելուն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իրականացրեցին իրենց սահմանադրական իրավունքը:
ՀՀ Սահմանադրության առաջին իսկ գլխում նշված է, որ այս երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին և, որ այս երկրում քաղաքացին իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Նույն մեր երկրի «Ընտրական օրենսգիրք»-ը պնդում է, որ ընտրողները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ընտրելու և ընտրվելու իրավունք ունեն:
Հարց է ծագում, թե ի՞նչ հիմքերով եք առաջնորդվել դուք, անգիտակից անվանելով իմ եւ ձեր համաքաղաքացիներին, հարազատներին, ծնողներին, քույրերին եւ եւղբայրներին, ընկերներին եւ ընկերուհիներին:
Մի՞թե ՀՀ քաղաքացիների ազատ ընտրության իրավունքի իրացումը, նրանց այլակարծության, կամ այլախոհության դրսեւորումը հիմք կարող են հանդիսանալ «անգիտակից» կամ սեփական «ինչ անելը» չգիտակցող ժողովուրդ լինելու գնահատականի համար: Արդյո՞ք որեւէ ժողովրդավարական, կամ նման համբավի ձգտող երկրում անգիտակից կարող են համարվել քաղաքական ճնշումներին չենթարկված (դրանց վերաբերյալ փաստերը բազմիցս հնչել և շարունակում են հնչել, մեր և բազմաթիվ կազմակերպությունների հաշվետվություններում, տպագիր և էլեկտրոնային մամուլում) և իրենց դիրքորոշումն ընտրության միջոցով հայտնած քաղաքացիները:
Հանդիսանալով, ՀՀ քաղաքացի, Վանաձոր քաղաքաի բնակիչ, կոչ եմ անում ձեզ, հրապարակային ներողություն հայցելու ձեր և իմ համաքաղաքացիներից, չմոռանալով, որ ոչ այդքան վաղ անցյալում հենց այդ նույն ձեր խոսքերով ասած «անգիտակից» ժողովուրդը իր վստահության քվեն էր տվել հենց ձեզ, «Տեղական Ինքնակառավարման» ընտրությունների ժամանակ, որտեղ, ի դեպ, դուք ավելի մեծ զանգվածի վստահության էիք արժանացել, քան այժմ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը», – նշված է Խաչատրյանի բաց նամակում: