Home / Հայաստան / ՖՈՏՈ – Ընդդիմությունը հանրահավաքներ կանցկացնի Երևանում և մարզերում (թարմացված)

ՖՈՏՈ – Ընդդիմությունը հանրահավաքներ կանցկացնի Երևանում և մարզերում (թարմացված)

19:40 Ազատության հրապարակում ելույթ ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա, ինչպես և խոստացավ երեկ, ներկայացրել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մանրամասները:

«Ոմանք հարցրեցին՝ ինչո՞ւ գնացի Սերժ Սարգսյանի մոտ սեփական ոտքով», – ասել է «Ժառանգության» ղեկավարը և բացատրել իր որոշաման պատճառը. «Որովհետև բարդույթ չունեմ և պատրստ եմ հարգանք մատուցել, բայց հարգանք մատուցելով հանդերձ՝ պահանջել ՀՀ քաղաքացու հաղթանակի ճանաչումը»:

«Հարգանքով հանդերձ՝ ասացի՝ ճանաչեք ժողովրդի հաղթանակը: Պատասխանը՝ ոչ: Ասացի՝ շամպայն խմելու փոխարեն՝ նոր ընտրություն անցկացրեք, և պատասխանը կրկին՝ ոչ: Այս խոսքերից հետո հավաքվածները սկսեցին վանկարկել «Ամոթ, ամոթ» և սուլել:

«Երկրի ապագային միտված այս սահմանադրական ջրբաժանը հաղթահարելու համար, զեկուցում եմ, ասացի՝ պատրաստ չե՞ք ժողովրդի հաղթանակը ընդունելու, պատժելու կեղծարարներին՝ գյուղապետերին, հրամանատարներին, որոնք զինվորին բերեցին կրկնակի քվեարկության, վարչապետին, նախարարին, ովքեր սպառնացին ու ճնշեցին: Եթե պատրաստ չեք, չունեք այդ ուժը ժողովրդի հաղթանակը ճանաչելու, ուրեմն նվազագույնը չնեղանաք ինձանից», – ասել է Հովհաննիսյանը:

Նա հայտարարեց, որ այլևս ասելիք չունի:

«Ասելիքը հետևյալն է. այն հրամանատարը, ով հայ զինվորին ուղղի ժողովրդի դեմ, գործ կունենա իմ և ժողովրդի հետ: Այն ոստիկանը, ով նույնպես մեր հպարտությունն է, չի ապահովի մեր անվտանգությունը, պատասխան է տալու», – ասել է «Ժառանգության» ղեկավարը:

Նրա խոսքով՝ պայքարը տարվելու է հանդարտ, սահմանադրական ճանապարհով:

Ներկայացնելով հետագա քայլերը՝ Հովհաննիսյանն ասել է, որ վաղվանից իրենք մտադիր են շրջագայել Հայաստանի գյուղերով և քաղաքներով:

«Վաղը՝ ժ.12:00-ին, գնալու ենք Աշտարակ, 14:30-ին՝ Վանաձոր, 17:00-ին՝ Գյումրի, իսկ կիրակի հանդիպելոիւ ենք այստեղ՝ Ազատության հրապարակում, որտեղ այլև արյուն չի թափվելու, այլ նոր կյանքի սկիզբ է դրվելու: Կիրակի՝ 15:00-ին, հավաքվում ենք այստեղ», – ասել է Հովհաննիսյանը:

18:25 ԵԵույթ ունեցավ ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն ՌուսամյանըԼ

18:52 Ազատության հրապարակում ելույթ է ունեցել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Իր ելույթում պատգամավորը նշել է, որ հաղթանակի գրավականներից մեկը պետք է լինի այն, որ հարթակը, որը գլխավորում է Հովհաննիսյանը, պետք է անկեղծ ու բաց լինի ժողովրդի հետ, ինչը Փաշինյանը կասկածի տակ չի դրել, իսկ Սերժ Սարգսյանը պետք է ոչ մի հանգիստ գիշեր չանցկացնի՝ այսօրվանից սկսած:

Փաշինյանը կարևորել է այս պայքարում քաղաքական ուժերի դերակատարումը: Երկմտանքներից խուսափելու համար՝ Փաշինյանն ասել է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը ցանկանում է արդարություն հաստատել երկրում, պետք է լինի Ազատության հրապարակում:

«Ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, այլ Ազատության հրապարակում, որովհետև  նա նախագահ է ընտրվել ժողովրդի կամքով, և յուրաքանչյուր ուժ պետք է պաշտպանի ժողովրդի որոշումը», – շեշտել է Փաշինյանը:

Ելույթից հետո նա սեղմել է Հովհաննիսյանի ձեռքը և գրկախառնվել:

18:07 Ազատության հրապարակում ելույթ է ունեցել ընդդիմադիր գործիչ Արկադի Վարդանյանը, ով 13 տարի առաջ շարժում էր սկսել Ռոբերտ Քոչարյանի իշխանության դեմ: Նա ասել է, որ 13 տարի առաջ հոկտեմբերի 30-ին իր հանրահավաքի ժամանակ հրապարակը ևս լեփ-լեցուն էր:

Վարդանյանը մեջբերել է Ռոբերտ Քոչարյանի խոսքերն այն մասին, թե «ինքը միակ տղամարդն է», և համոզմունք է հայտնել, թե Րաֆֆի Հովհաննիսյանը այդպիսի նախագահ չի լինի:

Հիշեցնենք, որ Վարդանյանին ձերբակալել էին, և բաց թողել երկիրը լքելու պարտավորության դիմաց: Նա Հայաստան է վերադարձել անցյալ տարի:

18:02 ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հարթակից հայտարարել է, որ այսօր եկել է Ազատության հրապարակ, որպեսզի շնորհավորի Րաֆֆի Հովհաննիսյանին, որից հետո սեղմել է վերջինիս ձեռքը:

«Բայց դա դեռ հաղթանակ չէ, սա առաջին քայլն է դեպի հաղթանակ», – ասել է Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ հաղթանակը կլինի այն ժամանակ, երբ պետությունն ընդունի, որ իր գործողությունները ապօրինի են, իսկ դա հնարավոր է քաղաքացիական անհնազանդության շնորհիվ:

17:58 Արմեն Մարտիրոսյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ այսօր հրաժարական է տվել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Մարտիրոսյանի խոսքով՝ դա արել է կուսակցական աշխատանքը պատշաճ չկատարելուի համար, քանի որ Շիրակի մարզում ձայների մեծամասնությունը տրվել է Րաֆֆի Հովհաննիսյանին:

17:47 «Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրել է այն քաղաքաներն ու գյուղերը, որտեղ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, այնուհետև խոսել մի շարք ընտրախախտումների անուններ ու հնչեցրել Գյուղապետերի անուններ, որոնք ապահովել են ընտրակեղծիքները:

17:35 Հանրահավաքի մասնակիցներին բաժանում են նարնջագույն ժապավեններ և հորդորում կապել թևերին՝ ասելով, որ դրա իմաստը շուտով կհասկանան:

Ազատության հրապարակում է նաև Հայ Ազգային Կոնգրեսից դուրս եկած «Հանրապետություն»կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

17:32 Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ իրենց է միանալու նաև Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը  ելույթ կունենա ավելի ուշ:

17:17 Ժամը 17:00-ին Ազատության հրապարակում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը՝ «Հայաստան, Հայաստան» վանկարկումների ներքո:

Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, դեռ 2 ամիս առաջ ոչ ոք չէր պատկերացնում, որ այսօր հնարավոր կլինի հասնել այս իրավիճակին:

Այս պահին Ազատության հրապարակում Կարեն Մամիկոնյանը կատարում է «Հնարավոր է» երգը:

Ազատության հրապարակում է նաև ՀՀ նախագահի թեկնածու, մեկ ամիս հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը: