Home / Հայաստան / Ինչպես էին աշտարակցիներին ճնշում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքից առաջ

Ինչպես էին աշտարակցիներին ճնշում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքից առաջ

Երեկ երեկոյան Աշտարակի ճանապարհային ոստիկանության պետը հրահանգ է իջեցրել քաղաքի տաքսի ծառայություններին ավտոմեքենաները ուղարկել Ներսես Աշտարակեցու անվան հրապարակ, որտեղ պետք է կայանար ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Տաքսիստներից մեկը ստիպված է եղել գալ հրապարակ Աշտարակի գյուղերից մեկից, որպեսզի չկորցնի աշխատանքը:

«Որ եկաք, ստեղ կանգնեցիք, միտինգը չկայացա՞վ», – վարորդներից մեկին հանդիմանել է հանդիպմանը եկած մի կին: Տաքսիստը հակադարձել է՝ ասելով, որ մարդիկ չեն հասկանում այն, որ իրենք վախենում են գործը կորցնել, այլապես չէին բերի իրենց նոր մեքենաները և վտանգի տակ դնեին:

Աշտարակցի Մեսրոպ Ղանիչյանի խոսքով՝ բոլոր դպրոցների տնօրեններին էլ ասվել է, որ եթե ուսուցիչներից մեկին տեսնեն Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպմանը, ապա  կհեռացնեն աշխատանքից: Այնուամենայնիվ, մոտ 25000 բնակչություն ունեցող Աշտարակից հանդիպմանը եկել էին մոտ 3000 մարդ, ինչը, աշտարակցիների խոսքով, աննախադեպ է:

Մինչ Հովհաննիսյանի գալը ժողովրդի հետ խոսել է «Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ ասելով, որ Հովհաննիսյանի հաղթանակը բարու հաղթանակն է, և այդ գործն ավարտին հասցնելու համար «պետք է ցիվիլ պայքար տանել»:

«Մի սպասեք րոպեականության, այլ տևական պայքարի», – ասել է Հակոբյանը:

Քիչ հետո ժամանել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ով նախ մտել է քաղաքապետարան, բարևել քաղաքապետին, ապա եկել է հրապարակ:  Մարդիկ Հովհաննիսյանին դիմավորել են «նախագահ» վանկարկելով, սակայն Ռուբեն Հակոբյանը հիշեցրել է, որ իրենց պայքարի հիմնական կարգախոսն է՝ «Հայաստան»:

Րաֆֆի Հովհաննիսյանը բարևել է հավաքված աշտարակցիներին՝ ասելով, որ անկախ նրանից, թե իշխանությունները ինչ կորոշեն՝ ապայակունացնել իրավիճակը, թե՝ ոչ, իր կողմից որևէ հակասահմանադրական քայլ չի արվի, հայ մարդու արյուն չի թափվի:

Հովհաննիսյանն ողջունել է Շիրակի մարզպետի հրաժարական տալը և հորդորել է նույն քայլին դիմել նաև Արագածոտնի մարզպետին և այլոց:

Գնալուց Հովհաննիսյանը խոսատցել է, որ սա վերջին հանդիպումը չէ և որ ինքը վերադառնալու է Աշտարակ: