375՝ «կողմ», 6՝ «դեմ», 3՝ «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ այսօր ՀՀՇ համագումարին որոշում կայացվեց «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը վերանվանել «Հայ Ազգային Կոնգրես»:
Քվեարկությունից առաջ համագումարին բանավեճ ծավալվեց, որի ժամանակ հնչեցին ինչպես կողմ, այնպես էլ դեմ կարծիքներ:
«Անունը փոխելը տեխնիկական գործ չէ: Անունը որոշ կազմակերպությունների և անհատների համար ճակատագրական նշանակություն ունի: Կոռեկտ չէ, որ որոշ անկուսակցականներ գալիս և մեզ խրատ են տալիս մեր համագումարում: Կոչ են անում մի կողմ դնել ամբիցիաները, դա անթույլատրելի է: Այո, ես ունեմ ամբիցիաներ, ես ՀՀՇ հիմնադիրներից մեկն եմ», – մասնավորապես, հայտարարել է ՀՀՇ անդամ Բաբկեն Արարքցյանը՝ նկատի ունենալով ՀԱԿ դաշինքի համակարգող Լևոն Զուրաբյանի ելույթը:
Նա խնդրել է պարզաբանումներ մտցնել: «Եթե անունը փոխվի, ես մեխանիկորեն կդառնա՞մ անդամ, թե՞ ոչ»,- ասել է Արարքցյանը, ով վերանվանման դեմ քվեարկածների թվում է եղել:
ՀԱԿ դաշինքի ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ներկայացրել է, թե ինչու է կարևոր կուսակցության անվանափոխությունը:
Նա նշել է, որ իր պատմության ՀՀՇ-ն նույն ուժը չի ունեցել, և անգամ եղել են խայտառակ ժամանակաշրջան, և կուսակցությունը գովերգողները դա պետք է հասկանան: Այս ժամանակահատվածը, Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով, տևել է 2000-ից 2007 թվականները:
Նա նշել է, որ Վանո Սիրադեղյանից հետո ՀՀՇ-ն «մի գեղական կլուբ էր դարձել, աղանդ», երբ համագումարների ժամանակ կենացներ էին ասվում:
Ըստ Տեր-Պետրոսյանի՝ եթե «Կոնգրեսը չկա, և մենք մնում ենք ՀՀՇ, մենք հայտնվում ենք նույն 7 տարվա վիճակում»:
«Սա՞ է մեր ցանկացածը», – հարցրել է նա:
Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ չի ցանկանում, որ ՀՀՇ-ն դառնա թանգարան և որ իր համար մեծ հայհոյանք է, երբ մարդիկ ասում են, որ ՀՀՇ-ն պատմական արժեք է դարձել:
Ինչ վերաբերում է անվանափոխության հետ կապված տարբեր տեսակետներին, ապա ՀԱԿ առաջնորդը ասել է, որ իր պատմության մեջ ՀՀՇ-ն երբեք այնքան հրապարակային քննարկում չի անցկացրել, ինչպես այսօր:
«Ի՞նչ գաղտնիության մասին է խոսք է», – ասել է նա ու նշել, որ այս հարցը արդեն երկու շաբաթ է՝ քննարկվում է:
«Եթե բանավեճ չլիներ, ես դա համագումար չէի համարի: Մենք մոռանում ենք, որ ՀՀՇ-ն միայն ՀՀՇ չէ: Այն միայն Կոնգրես է, ու գործունեության առումով ավելի Կոնգրես է, քան ՀՀՇ-ն», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը ու վստահեցրել, որ իրականում նոր բան չի ստեղծվում և հոգեբանական վերափոխության խնդիր գոյություն չունի, առավել ևս, որ անգամ միջազգային ասպարզում ՀՀՇ-ն հայտնի է որպես ՀԱԿ:
Նշենք, որ ՀԱԿ կուսակցության առաջին համագումարը կկայանա մարտի 22-ին: