Այսօր 11:00-ից Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ սկսել են հավաքվել տարբեր բուհերի և պետական քոլեջների ուսանողներ, ովքեր արձագանքել են սոցիալական ցանցերում դասադուլ կազմակերպելու կոչերին:
Բացի ԵՊՀ-ի ուսանողներից, ակցիային մասնակցում էին, մասնավորապես, Ճարտարագիտական, Ճարտաշինարարական, Մանկավարժական համալսարանների, Կոնսերվատորիայի, ինչպես նաև Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողները:
Համալսարանի ներքին բակերում կայանված են եղել ոստիկանական մեքենաներ: Ոստիկանները ակցիայի մասնակիցներին տեղեկացրել են, որ վերջիններս խախտում են օրենքը, քանի որ նման միջոցառումներից առաջ հարկավոր է տեղեկացնել ոստիկանությանը:
Բողոքողները դասադուլի կոչեր էին անում անցնող ուսանողներին, թռուցիկներ էին բաժանում, որոնց վրա պատկերված էր Սերժ Սարգսյանը՝ «Ճանաչիր թշնամուդ» գրությամբ, ինչպես նաև տեղեկացնում էին, որ փետրվարի 18-ին կայացած ընտրությունները կեղծված են եղել, իսկ բողոքի ակցիաներն ու հավաքները ապօրինի չեն:
Ակցիայի ընթացքում ուսանողներին է մոտեցել ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ով կոչ է արել նրանց հեռանալ ու չխանգարել դասապրոցեսը: Մարկոսյանի խոսքով՝ կան ուսանողներ, ովքեր վճարում են իրենց ուսուցման համար, և ակցիայի մասնակիցները իրավունք չունեն խոչընդոտել նրանց՝ ուսում ստանալու իրավունքը:
Բողոքող ուսանողներին է մոտեցել նաև պատմության դասախոս, ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանը և ասել, որ դասադուլը պայքարի ընդունելի ձև կարող է համարվել միայն այն դեպքում, երբ գործը գնում է ազգային խնդիրների մասին, ինչպես, օրինակ, արցախյան շարժումն էր, սակայն տվյալ դեպքում դա արդարացված չէ:
ԵՊՀ պաշտոնյաների խոսքերն առաջացրել են ներկաների դժգոհությունը, ովքեր, իրենց հերթին, կոչ են արել պաշտոնյաներին չսպառնալ բողոքի ակցիաներին մասնակցող ուսանողներին:
Epress.am-ի հետ զրույցում ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողուհի Հերմինե Վիրաբյանը նշել է, որ առավել ակտիվ ուսանողներին կանչում են դեկանատներ և հորդորում չմասնակցել ակցիաներին:
Ինֆորմատիկայի քոլեջի ուսանող Հովհաննես Ղազարյանը Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրեն կանչել է քոլեջի ռեկտոր Բաղդասարյանը և հայտարարել, որ երիտասարդը վաղվանից կարող է չգալ դասերի: Պատճառն այն է, որ Ղոզարյանը շրջել է լսարաններով և տեղեկացրել է այսօրվա դասադուլ-ակցիայի մասին:
Դեկանատներ զրույցի են հրավիրել նաև Կոնսերվատորիայի ուսանողներին:
Մոտ կես ժամ մնալով համալսարանի մոտ՝ ակցիայի մասնակիցները որոշում են կայացրել շրջել բուհերով: Նրանք երթով շարժվել են դեպի Տնտեսագիտական համալսարան և սկսել են վանկարկել «Միացում», սակայն պարզվել է, որ համալսարանի դռները ներսից փակել են, և ուսանողները չեն կարողանում միանալ ակցիայի մասնակիցներին: Ոստիկանները կանգնել են համալսարանի ճաղավանդակների մոտ և երբ ուսանողները փորձել են մոտենալ մուտքին, նրանց և ոստիկանների միջև հրմշտոց է սկսվել: Ուսանողները պահանջել են չսահմանափակել իրենց տեղաշարժման իրավունքը: Մի քանի երիտասարդներ հայտարարել են, որ իրենց չեն մասնակցում դասադուլի, այսօր քննության են և ցանկանում են շենք մտնել, սակայն որոշ ժամանակով նրանց մուտքը ևս արգելափակվել է: Այդ ընթացքում մի քանի ուսանողներ պատուհաններից իջել և միացել են դասադուլի:
Նույն իրավիճակը կրկնվել է նաև Բժշկական համալսարանի մոտ: Դարպասները փակ են եղել, ուսանողները իջել են ճաղավանդակների վրայից: Բողոքողներին մոտեցել է համալսարանի ուսխորհուրդի ներկայացուցիչ Բաբկեն Մկրտչյանը, ով նշել է, որ ուսանողները եկել բժշկություն սովորելու, և կարիք չկա քաղաքականացնել այդ գործընթացը: Ակցիայի մասնակիցները նշել են, որ դա ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական պայքար է:
Ակտիվիստները պատրաստվում են շրջել Երևանի բոլոր խոշոր բուհերով, ապա շարժվել դեպի ԿԸՀ, որտեղ այսօր հայտարարվելու են փետրվարի 18-ին կայացած ընտրությունների պաշտոնական վերջնական արդյունքները: