Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս, շանսոնյե Շառլ Ազնավուրը տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
«Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Ձեր իմաստությունը, անկոտրում կամքն ու վճռականությունը, անձնուրաց նվիրվածությունը Հայրենիքին և հայ ժողովրդին՝ անգնահատելի են լուրջ մարտահրավերների և սպառնալիքների առջև կանգնած մեր երկրի համար:
Ուզում եմ մաղթել Ձեզ քաջառողջություն, ուժ և եռանդ՝ Հայաստանի և ամբողջ հայ ժողովրդի բարօրությանն ուղղված Ձեր ամենօրյա դժվարին աշխատանքում նորանոր հաջողությունների հասնելու համար», – ասված է Շառլ Ազնավուրի շնորհավորական ուղերձում:
Հիշեցնենք, որ 2011 թվականին Nouvelles d’Arménie պարբերականին տված հարցազրույցում Ազնավուրը խոսլե էր հայաստանյան արտագաղթի մասին՝ դրանում մեղադրելով իշխանություններին:
«Այնտեղ ոչինչ չեն անում մարդկանց օգնելու համար։ Մաֆիայի անդամների մասին սարսափելի պատմություններ գիտեմ։ Այսպես չի կարող շարունակվել», – մասնավորապես, ասել էր Ազնավուրը։