Ուսանողության շրջանում դասադուլը համարվում է բողոքի ծայրահեղ դրսևորում և, հաջողվելու դեպքում, այն կարող է արձանագրել զգալի հաջողություններ, իսկ ձախողվելու դեպքում` անդառնալի հետևանքներ կարող է ունենալ ուսանողության ապագայի համար: Այս մասին ասված է «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միության տարածած հայտարարության մեջ:
Ֆորումի ներկայացուցիչները նշում են, որ ուսանողներին նման կոչով դիմելու համար նախ և առաջ պետք է կոչով դիմեր կոնկրետ անձ կամ կազմակերպություն, որը, միևնույն ժամանակ, պետք է իր վրա վերցներ ձախողման դեպքում դրա հետևանքով տուժած ուսանողների պատասխանատվությունը:
«Սակայն, ինչպես երևում է հայտարարությունից, նման պատասխանատվություն ստանձնող ո՛չ կազմակերպություն, ո՛չ էլ անհատ` գոյություն չունի: Հայտարարված դասադուլը մասսայականություն չունենալու դեպքում դատապարտված է ձախողման, ինչի արդյունքում, այն ուսանողները, որոնք չեն մասնակցում դասադուլին, ապահովելու են դասապրոցեսի անխափան ընթացքը: Դասադուլին մասնակցող ուսանողները անհարգելի բացակաների արդյունքում հայտնվելու են տհաճ իրավիճակում, որի համար` ըստ էության, որևէ պատասխանատու գոյություն չի ունենալու, իսկ կրեդիտային համակարգի պայմաններում սովորող ուսանողների համար իրավիճակը մի քանի անգամ ավելի բարդ է լինելու, քանի որ դասապրոցեսից բացակայելու պատճառով նրանք կորցնելու են իրենց վերջնական գնահատականի մոտավորապես 40 տոկոսը և իրենց բուհի ղեկավարությանը օրինական հիմքեր են տալու բուհից հեռացնելու համար», – նշում են հայտարարության հեղինակները և կոչ անում դասադուլի կազմակերպիչներին հստակեցվել և փորձել ուսանողության շրջանում կոնսեյսուսի (հավանաբար, խոսքը կոնսենսուսի մասին է – Epress.am) հասնել և դրանից հետո միայն անցնել կոնկրետ գործողությունների:
«Կոնսեյսուսի բացակայության դեպքում դասադուլին մասնակցող ուսանողների ապագան դրվում է կասկածի տակ` առանց որևէ կոնկրետ պատասխանատվություն ստանձնող անձի կամ կազմակերպության առկայության:
Միևնույն ժամանակ մենք հայտարարում ենք, որ ցանկացած կոնսեյսուսի դեպքում «Ազատ Ուսանողների Ֆորում» ուսանողական միությունը պատրաստ է կանգնել ՀՀ ուսանողների կողքին, իսկ մինչ այդ մենք զերծ ենք մնում դասադուլին միանալուն ուղղված կոչերին պատասխանելուց, քանի որ մեր նշած մտահոգությունների և ռիսկերի համար պատասխանատու և երաշխավոր չլինելու դեպքում, դասադուլը լինելու է ի հեճուկս ուսանողության մի ինչ-որ զանգվածի», – եզրափակում են Ֆորումի ներկայացուցիչները: