Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը լիովին աջակցում է դասադուլ հայտարարած ուսանողներին, չնայած առաջին օրից դեմ է եղել դասադուլը որպես քաղաքական պայքարի ձև օգտագործելուն: Սեդրակյանն այսօր ԵՊՀ էր եկել և լրագրողների հետ զրույցում նշել է, որ համալսարանում սովորող որդին էլ սկզբում չի մասնակցել, սակայն երեկվա միջադեպը պատճառ է դարձել, որ իր որդին դառնա շարժման ակտիվիստ:
«Բուհերում տեղի ունեցող ցանկացած իրադարձության պատասխանատուն ռեկտորն է, նրանք, ովքեր փակում են դռները, իսկ օգնականը երկրորդական մարդ է: 2008 թվականին, երբ ժողովուրդն էր ցույցեր անում՝ իշխանությունները նրանց դեմ հանեցին Ղարաբաղի սպեցնազին, այսօր ուսանողությունն է իր բողոքն արտահայտում, հանում են ախալքալաքցիներին: Այստեղ մտածված ծրագիր է, ու կարծում եմ, որ ռեկտորը պետք է հրաժարական տա ու ոչ միայն ԵՊՀ-ի, այլև այն բոլոր բուհերի ռեկտորները, ովքեր փակում են դռները. հիմա էլ ուսանողներից են վախենո՞ւմ», – ասել է Սեդրակյանը:
Նախագահի նախկին թեկնածուն իշխանություններին առաջարկել է գիշերները փակել բոլոր քաղաքացիների տների դռները, որպեսզի լուսաբացին ոչ ոք տնից դուրս չգա:
«Հետո կարելի է սերմանել 37 թվի գաղափարախոսաությունը, որ հարևանը հարևանի վրա կգրի՝ թե սա դուրս եկավ կամ հաց կերավ», – նշել է Սեդրակյանը:
«Մենք էլ ուսանողական տարիներին անկախության համար, 1988 թվականից շարժումների մեջ ենք եղել և ի վերջո նվեր ստացանք Սերժիկ Սարգսյանին: Հույս ունեմ, որ երիտասարդները այդ սխալը թույլ չեն տա»,- ասել է Սեդրակյանը: