18:32 Ազատության հրապարակում ելույթ ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել սոցիալական ցանցերում իրեն աջակցողներին, միևնույն ժամանակ կոչ է արել բոլորին չնստել միայն համակարգիչների առջև, այլ դուրս գալ փողոց, հրապարակ գալ:
Հովհաննիսյանը նաև անդրադարձել է վերջին օրերին դասադուլ անող ուսանողներին բուհերից հեռացնելու սպառնալիքներին՝ նշելով, որ սպառնացողները իրենք պետք է հեռանան, այլ ոչ թե փորձեն հեռացնել «ապագա ղեկավարներին»:
Նա նաև ասել է, որ Սերժ Սարգսյանը, ով արդեն գործող նախագահ չէ, նույնպես պետք է լքի ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը: Այդ հարցը, ընդդիմադիր գործչի խոսքով, իրենք ժողովրդի հետ միասին պետք է քննարկեն:
18:20 Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին են եկել մոտ 30 բժիշկներ, ովքեր նարնջագույն շնչառական դիմակներ են կրում: Epress.am-ի թղթակցի հարցին, թե ինչու են բժիշկները շնչառական դիմակներ հագած եկել հանրահավաքի, նրանցից մեկը պատասխանել է, որ բժիշկները դիմակները կրում են գործ անելու ժամանակ, ու դա նշանակում է, որ նրանք այժմ գործում են:
Բժիշկները հրապարակում ներկայացել են «Բարև բժիշկներից» պաստառով:
18:12 Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրել է, որ ուղիղ 25 տարի առաջ Սումգայիթում բազմաթիվ հայեր զոհվեցին, մարդիկ սպանվեցին հայ լինելու համար:
«Հետայսու, ով ձեռք բարձրացրեց հայ մարդու, քաղաքացու վրա՝ լինի թշնամի, թե հայ, պատիժը չի ուշանալու». – ասել է Հովհաննիսյանը և խնդրել մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:
17:58 «Ժառանգության» ներկայացուցիչ Անահիտ Բախշյանն իր ելույթում հիշեցրել է, որ վաղը լրանում է 2008թ. Մարտի 1-ի սպանությունների 5-րդ տարելիցը, և նշել, որ ցանկանում է խոսել այն քաղաքական սպանությունների մասին, որոնք կատարվել են նախկին նախագահների օրոք և մինչ օրս չեն բացահայտվել:
Բախշյանը նախ հիշեցրել է Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի կողմից սպանված Պողոս Պողոսյանի դեպքի մասին ու նշել, որ թեև դեպքը բացահայտվել է, սակայն հանցագործը համարժեք պատիժ չի ստացել:
Այնուհետև Բախշյանը թվարկել է Մարտի 1-ի սպանությունները, ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահը, որը, նրա խոսքով, թեև առաջին հայացքից «քաղաքական սպանություն» չէ, սակայն կապ ունի օլիգարխ պատգամավորի հետ:
Անահիտ Բախշյանը թվարկել է 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում կատարված ահաբեկչության զոհերին, որոնց թվում էր իր ամուսինը՝ Յուրի Բաշխյանին:
«Որ է պատվիրատուն, հայտնի չէ, բայց պարզ է՝ ով շահեց ոճրագործությունից», – ասել է «Ժառանգության» ներկայացուցիչը:
Անահիտ Բախշյանը հայտարարել է, որ գործող իշխանության օրոք ոչ մի սպանություն չի բացահայտվելու և հանցագործները չեն պատժվելու: Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն՝ ոճրագործությունները բացահայտելու փոխարեն, շրջում է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներով և նկարահանում մարդկանց: Սակայն մարդիկ, Բախշյանի խոսքով, ազատվել են վախից, ստրկամտությունից:
17:35 Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն իր խոսքում նշել է, որ բոլորը լավ գիտեն, որ ընտրություններն անցել են ընտրակեղծիքներով և որ իրավիճակը պետք է փոխել:
«Չգիտեմ՝ ինչ պետք է անել, բայց ինչ-որ բան պետք է անել, որ էդ մարդը աթոռին չմնա», – ասել է Հախվերդյանը՝ նկատի ունենալով Սերժ Սարգսյանին:
Հախվերդյանը բոլոր հավաքվածներին շաբաթ օրը հրավիրել է համերգի, որին մասնակցելու են մի քանի երգահաններ:
17:15 Այսօր ժամը 17.05-ին մեկնարկել է նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով 2-րդ տեղը զբաղեցրած, սակայն արդյունքները վւճարկող նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը Ազատության հրապարակում:
Հանրահավաքի մեկնարկին «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հավաքվածներին հարցրեց. «Բարևի հեղափոխությունը շարունակում ենք, չէ՞», ինչին ի պատասխան մարդիկ վանկարկեցին՝ «Այո»:
Մարտիրոսյանը հիշեցրել է, որ վերջին օրերին Րաֆֆի Հովհաննիսյանը շրջել է մարզերով և ապացուցել, որ այսօր Հայաստանը բոլորովին այլ է:
«Ինչքան փորձեն ճնշելով ժողովրդին շեղել՝ այն պայքարը, որը դուք սկսել եք, հաղթանակով է վերջանալու», – հայտարարել է Արմեն Մարտիրոսյանը:
Այս պահին Ազատության հրապարակում ելույթ են ունենում երիտասարդ ակտիվիստներ: