Home / Հայաստան / Մարտի 1-ից Հայաստանում թանկանում է երկաթուղիով կոնտեյներների փոխադրման գինը

Մարտի 1-ից Հայաստանում թանկանում է երկաթուղիով կոնտեյներների փոխադրման գինը

2013 թվականի փետրվարի 1-ից Վրացական երկաթուղին 3,5%-ով թանկացրել է սակագները 20-ֆուտանոց կոնտեյներների փոխադրման համար և հրաժարվել է 40-ֆուտանոց կոնտեյներների տեղափոխման ժամանակ կիրառվող 0,82 չափով նվազեցնող գործակցից: Այս մասին հաղորդում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը:

«Հայկական բեռնափոխադրողների համար հնարավոր գնային ճնշումների նվազեցման նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փետրվարին զսպում էր բեռնափոխադրումների սակագների թանկացումը սեփական ռեսուրսների հաշվին: Սակայն, ղեկավարվելով Վրացական երկաթուղու հետ կնքված Միջազգային երկաթուղային հաղորդակցությունում գործող կոնտեյներային գնացքի կազմակերպման մասին համաձայնագրով և ձեռքբերված պայմանավորվածություններով, 2013 թվականի մարտի 1-ից Հայաստանի տարածքում գործողության մեջ են դրվում նոր սակագներ:

Այսպիսով, սակագինը մեկ 40-ֆուտանոց բեռնված կոնտեյների համար կկազմի 0,96 դոլար մեկ տոննա-կմ համար՝ նախկին 0,78-ի դիմաց, իսկ դատարկ կոնտեյների համար՝ 0,48 դոլար՝ նախկին 0,39-ի դիմաց: Բեռնված և դատարկ 20-ֆուտանոց կոնտեյների համար սակագինը կկազմի համապատասխանաբար 0,56 և 0,28 դոլար մեկ տոննա-կմ համար՝ նախկին 0,54-ի և 0,27-ի դիմաց», – ասված է ՀԿԵ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ: