«Ոմն Գևորգ Մելքոնյանի մտածված սադրանքով ուսանողների չգիտակցված և սխալ քայլը պետք չէ ընդհանրացնել և տարածել Մայր Հայրենիքում ուսումնառող ջավախքցի մյուս ուսանողների վրա»: Այս մասին ասված է «Ջավախք» երիտասարդական միության և «Ջավախքի մտավորականների ֆորումի» տարածած հայտարարության մեջ:
Անդրադառնալով ԵՊՀ տարածքում տեղի ունեցած միջադեպին, որին մասնակից էին դարձել ջավախքցի մի քանի ուսանողներ, հայտարարության հեղինակները նշում, են, որ ջավախքցի ուսանողները մշտապես աչքի են ընկել իրենց պատվախնդրությամբ, ուսումնատենչությամբ և հասարակական ակտիվությամբ:
Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանը երեկ վիճաբանել էր դասադուլ անող ուսանողների հետ ու, շրջվելով դեպի նրանց դեմ կազմակերպված հակաակցիայի մասնակիցները, ասել էր. «Զորքը բեր առաջ, տղերքին՝ ախալքալաքցիներին, բեր առաջ»:
«Ջավախքցին հայ ժողովրդի անբաժան և արժանավոր մասնիկն է: Բոլոր ժամանակներում ջավախքցիները նշանակալի դերակատարում են ունեցել Մայր Հայրենիքի հասարակական, քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային ասպարեզներում:
Ջավախքցին Շառլ Ազնավուրն է, Ջիվանին է, Վահան Տերյանն է, Վարդգես Սուրենյանցն է, Հակոբ Կոջոյանն է, Լուսինե Զաքարյանն է, Կարպ Խաչվանքյանն է, գուսան Հավասին է, Դերենիկ Դեմիրճյանն է, Գուրգեն Դալիբալթայանն է և հայ ժողովրդի բազմաթիվ արժանավոր այլ զավակներ», – գրում են նամակի հեղինակները:
Նրանք տարօրինակ են համարում այն փաստը, որ մեկ միջադեպ հիմք ընդունելով, «կրկին տրվում ենք մեր ազգի համար խիստ վնասակար հատվածականության դրսևորումներին»:
«Մենք դատապարտում ենք այս տխուր իրողությունը:
Մենք դատապարտում ենք ԵՊՀ-ի մոտ տեղի ունեցած միջադեպը:
Մենք դատապարտում ենք ուսանողությանը քաղաքական ինտրինգների մեջ ներքաշելու գործողությունները:
Մենք հույս ունենք, որ այս միջադեպի սադրիչներն արժանավույնս կպատժվեն», – եզրափակում են հայտարարության հեղինակները: