Այսօր մի խումբ բնապահպան ակտիվիստներ ՀՀ կառավարության մոտ ակցիա են անցկացրել, որի ընթացքում սպիտակ, առանց որևէ գրության պաստառներով կանգնել են շենքի առջև:
Բողոքող ակտիվիստներից Արթուր Գրիգորյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որոշման նախագիծ է ներկայացրել կառավարությանը, որով մաքսային արտոնություններ է ուզում տրամադրել Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերությանը, որ տեխնիկա ներմուծի: Հենց այդ պատճառով էլ ակտիվիստները որոշել են նման կերպ իրենց բողոքն արտահայտել:
«Սա այն դեպքում, երբ մենք դեկտեմբերի 21-ին հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին, որ այդ հանքավայրի շահագործումն այն նախագծով, որով որ իրականացնում են, փորձաքննություն չի անցել և այդ հանքի շահագործումը ապօրինի է և հանցագործության հատկանիշներով լեցուն: Բայց զրո արձագանք և դրան զուգահեռ էկոնմիկայի նախարարությունը նման նախագիծ է ներկայացնում: Դա խոսում է այն մասին, որ պետական ամբողջ ապարատն է լծված այս հանցագործությունը պարտակելուն և այս հանցագործության մեջ ներգրավված է»,- ասել է ակտիվիստը:
Դատարկ պաստառների իմաստը Գրիգորյանը բացատրել է նրանով, որ պարզապես էլ ասելու բան չկա, ամեն ինչ ասված է և միակ ելքը մնում է այս իշխանության տապալումը, քանի որ, ակտիվիստի խոսքով, կետային պայքարը որևէ արդյունքի չի բերում: