Րաֆֆի Հովհաննիսյանը և իր թիմը չի պայքարում կառավարությունում մեկ-երկու պորտֆել ստանալու համար: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ իրենք լավ գիտեն, թե ինչպես են ստանում այդ պորտֆելները: Հակոբյանը նշել է նաև, որ իրենց պայքարը դրա համար չէ:
Լրագրողները հարցրել են խմբակցության մեկ այլ պատագմավոր Զարուհի Փոստանջյանին, թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը:
«Հանցագործներին չեն ասում «հեռացեք», հանցագործներին հետապնդում են», – հայտարարել է Փոստանջյանը:
Հակոբյանը հավելել է, որ ժողովուրդն արդեն պահանջել է այդ հրաժարականը:
Լրագրողների ևս մեկ հարցին, թե այդ դեպքում ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը կասեցնում ժողովրդի «Սերժիկ, հեռացիր» վանկարկումները, պատգամավորն ասել է, որ դա արդեն «շահարկումների դաշտից» է:
Նա հիշեցրել է, որ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը թույլ չի տվել, որ Նոր Հաճնում այրեն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի լուսանկարները, սակայն դրանից չի կարելի հետևություններ անել, թե «Ժառանագության» առաջնորդը պաշտպանում է նրանց: