Home / Հայաստան / «Նպատակ չկա շարժումը կուսակցականացնել». ուսանողների տարաձայնությունը

«Նպատակ չկա շարժումը կուսակցականացնել». ուսանողների տարաձայնությունը

Այսօր ուսանողների կողմից անցկացվող 5-րդ դասադուլ ակցիան այլ օրերի ակցիայից տարբերվել է, քանի որ այն ունեցել է Մարտի 1-ի տասը զոհերի հիշատակը հարգելու խորհուրդ:

Առավոտյան ուսանողները հավաքվել են ԵՊՀ-ի բակում և մտադրություն ունեին շարժվել դեպի համալասրանի` Աբովյանի փողոցի մասնաշենք: Սակայն հետագա անելիքը որոշելու հարցում դասադուլավորների մեջ փոքր անհամաձայնություն է առաջացել. մի մասն առաջարկել է ավանադական շրջայց չանել բոլոր բուհերով, այլ լռության ակցիա անել՝ ի հիշատակ զոհերի, և գնալ Մյասնիկյանի արձանի մոտ՝ ծաղիկներ դնելու:

«Մենք չենք ուզում, որ որևէ կուսակցության պայքարի վերածվի անկախ ուսանողների շարժումը», – հայտարարել է ուսանողներից Լիլիթ Հարությունյանը՝ նկատի ունենալով «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստներին, ովքեր, ըստ մի քանի ուսանողների, փորձում են շարժումն իրենց ձեռքը վերցնել:

«Ժառանգության» ներկայացուցիչ Մարգարիտա Հակոբյանը, սակայն, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենց նպատակներում չկա կուսակցականացնել շարժումը, ուղղակի կան մարդիկ, ովքեր ուզում են շեղվել շարժման բուն նպատակից, այն է՝ պահանջել ընտրությունները չեղյալ համարել:

«Երիտասարդական ակցիայի նպատակն է արձանագրել, որ նախագահական ընտրությունները կեղծվել են, և պահանջել, որ դրանք չեղյալ համարվեն: Իսկ այժմ որոշ մարդիկ ուզում են քննարկումներ սկել, շարժումը վերածել ֆորումի, առաջարկում են քննարկումները անցկացնել Մաշտոցի պուրակում: Անձամբ ինձ որոշ ուսանողներ դժգոհություն են հայտնել՝ ասելով, որ խոտերի վրա նստելու համար չեն դասադուլ անում, կամ բուհերում կոռուպցիայի դեմ պայքարի, կամ ռեկտորի օգնականի հրաժարականի, նման մանր հարցեր միշտ եղել են»,- ասել է Հակոբյանը՝ հավելելով, որ դասադուլը քննարկումների վերածելու կողմ արհատայտվողների մի մասի համար միևնույն է՝ ով, ինչ կերպ «ընտրված» մարդ կզբաղեցնի նախագահի պաշտոնը:

Ուսանողները երթով եկել են Ազատության հրապարակ, որտեղ Լիլիթ Հարությունյանը կարդացել է ուսանողների կոչը՝ հավելելով, որ սկսված քաղաքացիական շարժումը ընդմիշտ պետք է շարունակվի և չի ավարտվելու ընտրական պրոցեսների ավարտից հետո:

Ազատության հրապարակից ուսանողները շարժվել են դեպի Մյասնիկյանի արձան՝ չսպասելով, որպեսզի Ազատության հրապարակում վերջանա Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը և  նրա շուրջ հավաքվածների հետ միասին երթ անցկացվի:

Ազատության հրապարակում մնացած մի քանի դասադուլավորները զրուցել են այդտեղ եկած բնապահպան ակտիվիստների հետ: Եղիա Ներսեսյանն իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ պայքարող ուսանողների տարաձայնությունն անտեղի է և այն ընդամենը ուրախություն է պատճառել մի քանի ոստիկանների, ովքեր իրեն ասել են՝ « տեսար, պառակտություն է սկսել ուսանողների մեջ»: