«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովյաննիսյանը համաձայն չէ երեկ Ազատության հրապարակի հարթակից երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի հնչեցրած տեսակետի հետ: Հիշեցնենք, որ Հախվերդյանը, խոսելով Սերժ Սարգսյանի մասին, մասնավորապես, հայտարարել էր, որ «հեռավոր ադրբեջանական գավառից եկած մարդը պետք ա մեզ, ասենք, ղեկավարի, նորմա՞լ ա էդ»:
Այսօր Ազատության հրապարակում կայացած ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանին Հախվերդյանի արտահայտության մասին հարցը լրագրողները մի քանի անգամ են հնչեցրել: Առաջին դեպքում նա պարզապես ասել է, որ համաձայն չէ տեսակետի հետ: Ապա լրագրողը հարցրել է, թե ով է կրելու պատասխանատվությունը հարթակից հնչած այդ խոսքերի համար:
Հովհաննիսյանը հակադարձել է, թե ամենամեծ խախտումն իշխանություններն արել են ընտրությունների օրը, և այդ տեսակետը ծնունդ տված հակաիրավիրական քաղաքականությունն ավելի դատապարտելի է, քան մարդկանց խոսքերը:
Հովհաննիսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ համաձայն չէ Ռուբեն Հախվերդյանի տեսակետի հետ, սակայն հավելել, որ յուրաքանչյուր մարդ, քաղաքացի ունի իր կարծիքն արտահայտելու իրավունքը, և այդ տեսակետը նվազ պաշտպանված չէ, քան այլ մարդկանց տեսակետները:
Նա նաև կոչ է արել սեպ չխրել իր և իր համաքաղաքացիների միջև:
Լուսանկարը՝ Iravaban.net