Home / Հայաստան / «Իջևանցի եմ, երևանցի եմ, ղարաբաղցի եմ, ախալքալաքցի եմ…». Նիկոլ Փաշինյանը՝ Ազատության հրապարակում

«Իջևանցի եմ, երևանցի եմ, ղարաբաղցի եմ, ախալքալաքցի եմ…». Նիկոլ Փաշինյանը՝ Ազատության հրապարակում

«Ուղիղ 5 տարի է անցել 2008թ. Մարտի 1-ից, երբ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը տանկերով օկուպացրեցին Երևանը, որ նրանք իրենց համար անսպասելիորեն հասկացան, թե ինչպիսի ուժ է ՀՀ քաղաքացու ազատասիրությունը: ՀՀ քաղաքացին անկասելի ուժ է, նրան կանգնեցնելու համար Քոչարյանն ու Սարգսյանը 2008թ. մարտին ստիպված էին գործի դնել մեր տարածաշրջանի ամենամարտունակ բանակը», – այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին իր ելույթում ասել է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ քաղաքացուն, սակայն, կանգնեցրեց ոչ թե բանակը, այլ սերը:

«Մենք այնքան են սիրում մեր բանակը, որ չէինք կարող մարտի բռնվել նրա հետ: Մենք այնքան ենք սիրում մեր ոստիկանությանը, որ չէինք կարող հարձակվել նրանց վրա», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մեկ առ մեկ թվարկելով Մարտի 1-ի բոլոր զոհերի անունները՝ Տիգրան Խաչատրյան, Գոռ Քլոյան, Տիգրան Աբգարյան, Արմեն Ֆարմանյան, Դավիթ Պետրոսյան, Համլետ Թադևոսյան, Հովհաննես Հովհաննիսյան, Գրիգոր Գևորգյան, Սամվել Հարությունյան և Զաքար Հովհաննիսյան, Փաշինյանը առաջարկեց ծափահարել նրանց:

«Մարտի 1-ը սգելու օր չէ, այդ մարդիկ զոհվեցին, որ ապրելու, պայքարելու շանս ունենա Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին: Եվ այն, ինչ տեղի ունեցավ 2013թ. փետրվարի 18-ին, հարգանքի մեծագույն տուրք էր 2008թ. Մարտի 1-ի զոհերին», – ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ Սերժ Սարգսյանը փորձում է հանրությանը համոզել, թե վերջին 5 տարվա ընթացքում կերտել է բոլորովին նոր Հայաստան, և եկել է իր ժամանակը՝ այն նոր Հայաստանի լիդեր հռչակվելու համար: Սակայն ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը «իր նախորդի տխրադեմ շարունակությունն է»:

Փաշինյանը հիշեցրել է ԵՊՀ-ում տեղի ունեցած միջադեպը, երբ ԵՊՀ-ի ՀՀԿ-ական ռեկտորի ՀՀԿ-ական օգնականը քաղաքացիական պայքարի ելած ուսանողների դեմ մարտի է կանչել, իր խոսքով, «ախալքալաքցիների զորքին»:

«Սա ամոթալի և աղետալի փաստ է: Մենք այլև թույլ չենք տալու, որ մեզ բաժանեք ղարաբաղցիների, իջևանցիների, գյումրեցիների, ախալքալաքցիների: Մեր ընդհանուր հայրենիքը Հայաստանն է: Ես, որ ծնվել և դպրոց եմ հաճախել Իջևանում, իջևանցի եմ նույնքան, որքան երևանցի, երևանցի եմ նույնքան, որքան ղարաբաղցի, ղարաբաղցի եմ նույնքան, որքան գորիսեցի, գորիսեցի եմ նույնքան, որքան ախալքալաքցի: Եվ որպես ախալքալաքցի ասում եմ, որպես ջավախքցի՝ Ազատության հրապարակի ժողովուրդը չի պայքարելու ղարաբաղցիների, իջևանցիների, երևանցիների, ախալքալաքցիների դեմ, մեր պայքարը բռնության դեմ է, մեր պայքարը ապօրինության դեմ է, մեր պայքարը ամենաթողության դեմ է, սա պայքար է հանուն հայ ժողովրդի միասնության», – հայտարարել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ միասնությունն այն է, երբ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, պաշտպանված է մարդկանց արժանապատվությունը հավասարաբար:

«Բավ է, որքան պառակտել եք, բաժանել եք, մեր եղբայրներին հանել եք մեր դեմ, մեր երեխաներին լարել եք մեր դեմ, ոստիկաններին հանել եք մեր դեմ, մեր բանակը շարել եք մեր դեմ», – ասել է Փաշինյանը:

«Այսօր ժողովուրդն ուզում է մեկ բան՝ անվերապահ հաղթանակ, այնպիսի հաղթանակ, որ հավասարապես կպատկանի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ նրանից, ոստիկան է, թե բժիշկ: Բանակն ու ժողովուրդն այլևս չեն կանգնելու իրար դեմ, ոստիկանությունն ու ժողովուրդը այլև չեն դիրքավորվելու իրար դեմ, բանակը, ոստիկանությունը, ժողովուրդը կանգնելու են կողք կողքի ու կերտելու են ազատ ու երջանիկ Հայաստան: Մենեք եկել ենք կանգնելու ոչ թե ի հեճուկս, այլ հանուն բանակի, մենք եկել ենք ոչ թե շրջելու, այլ բաց պահելու Մարտի 1-ի էջը, որպեսզի այդ էջը այլև երբեք չգրվի: Ուրեմն՝ հաղթանակ կամ ոչինչ, հաղթանակ և ուրիշ ոչինչ», – ասել է Փաշինյանը: